Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք գիտենք, թե ինչու կոնկրետ Պուտինը երեք օր առաջ սպանեց Ալեքսեյին». Նավալնիի տիկինը հայտարարել է ամուսնու գործը շարունակելու մասին

«Մենք գիտենք, թե ինչու կոնկրետ Պուտինը երեք օր առաջ սպանեց Ալեքսեյին». Նավալնիի տիկինը հայտարարել է ամուսնու գործը շարունակելու մասին
Ռուսաստան
15:59, 19 февраль 2024
Օրերս կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի տիկինը՝ Յուլյա Նավալնայան, հայտարարել է, որ շարունակելու է ամուսնու գործը։

«Սպանելով Ալեքսեյին՝ Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր) սպանեց իմ կեսին, իմ սրտի և հոգու կեսին։ Բայց մյուս կեսս մնացել է, և նա ինձ հուշում է, որ ես իրավունք չունեմ հանձնվելու: ...Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը: Կշարունակեմ պայքարել ձեզ հետ միասին մեր երկրի համար»,- ասել է Նավալնայան քաղաքական գործչի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում։ 

Նա կոչ է արել ռուսներին կանգնել իր կողքին և կիսել «ոչ միայն վիշտն ու անվերջանալի ցավը», այլև «զայրույթը, ատելությունը, չարությունը նրա հանդեպ, ով համարձակվել է սպանել մեր ապագան»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հավաքվել «մեկ հսկայական բռունցքի մեջ և դրանով հարվածել այս խելահեղ ռեժիմին, Պուտինին, նրա ընկերներին, ուսադիրավոր ավազակներին, գողերին ու մարդասպաններին, որոնք խեղել են մեր երկիրը»։

Նավալնայան իր տեսանյութում հայտարարել է, որ գիտի, թե ինչու են սպանել իր ամուսնուն: «Մենք գիտենք, թե ինչու կոնկրետ Պուտինը երեք օր առաջ սպանեց Ալեքսեյին։ Մենք ձեզ շուտով կպատմենք այդ մասին: Մենք անպայման կիմանանք նաև, թե կոնկրետ ով և ինչպես է իրականացրել այս հանցագործությունը։ Մենք կանվանենք նրանց անունները և ցույց կտանք նրանց դեմքերը»,- պնդում է Նավալնայան։