Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի արտաքին ու ներքին քաղաքականության իր տեսլականը». Զախարովան՝ Հայաստանի մասին

«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի արտաքին ու ներքին քաղաքականության իր տեսլականը». Զախարովան՝ Հայաստանի մասին
Ռուսաստան
15:47, 10 апрель 2024
Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, մինչդեռ Արևմուտքը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը գլոբալ առումով իրեն դրսևորել է որպես բարձր արդյունավետությամբ տարածաշրջանային խնդիրների կարգավորման միջնորդ՝ գործելով ի շահ տարածաշրջանի խաղաղության և ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների: Սա չի եղել կոնյունկտուրային խաղ»,- ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում։  

Նրա խոսքով՝ Մոսկվան իրական ներդրում է ունեցել տարածաշրջանի ապագայում՝ փորձելով գտնել ընդհանուր մոտեցումներ և ներդաշնակեցնել հակասությունները՝ հանուն խաղաղության հաստատման երկրների միջև և ամբողջ տարածաշրջանում։

«Սա սոսկ փիլիսոփայական հայեցակարգ չէ, սա հայեցակարգ է, որը դարձել է իրականություն, ամրագրված է փաստաթղթերում և սկսել է իրագործվել: Բայց ահա հայտնվեց Արևմուտքը, որը խանդի զգացումից և իր անվերջ չարությունից, ելնելով  տարածաշրջան ներթափանցելու իր ձգտումներից, որտեղ կարող է խաղաղություն հաստատվել, և խաթարելով այդ միտումը՝ սկսեց իրեն հռչակել որպես նոր միջնորդ»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Արևմուտքի նպատակն է ապակայունացնել իրավիճակը, այն վերադարձնել տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին և տեղեկատվություն հավաքել ոչ թե տարածաշրջանում խաղաղության, այլ Հարավային Կովկասի երկրների դեմ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի արտաքին ու ներքին քաղաքականության իր տեսլականը, միայն թե հարցն այն է, որ երբեմն արևմտյան միջամտությունը խախտում է արդեն իսկ ձեռք բերված ներդաշնակությունը։