Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը մինչև այսօր ժամը 18.00-ը ժամանակ ունի որոշում ընդունելու․ Վազգեն Մանուկյան

Նախագահը մինչև այսօր ժամը 18.00-ը ժամանակ ունի որոշում ընդունելու․ Վազգեն Մանուկյան
---
17:38, 03 март 2021
Այս պահին Բաղրամյան պողոտայում անցկացվում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Բաղրամյան պողոտա են բերվել ոստիկանության մեծաթիվ ուժեր, հայտնում է Aravot.am-ը։


Նրանք կանգնած են վահաններով, պատ են կազմել ԱԺ մուտքի դիմաց:


Դեմիրճյան փողոցում ևս մեծաթիվ ուժեր են կենտրոնացված, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կազմած շարքից այն կողմ կարող են անցնել միայն ՀՀ կառավարության ներկայացուցիչները՝ ոստիկանության թույլտվությամբ:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում ընթանում է կառավարություն հերթական հարցուպատասխանը: Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ժամանելուն ընդառաջ զոդվում էին ԱԺ դարպասները, մեծաթիվ ուժեր են կուտակվում, որպեսզի ապահովվի վարչապետի անվտանգությունը:


Լրագրողները Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ձայնային նռնակների՝ ԱԺ բակում տեղադրվելը, նա պատասխանեց. «Չեմ իմանում, բայց նորմալ երկիրն այն երկիրն է, որտեղ երկրի ղեկավարն առանց թիկնապահների կարող է հանգիստ փողոցով ման գալ: Ի՞նչ երկիր, որ զրահաբաճկոն պետք է ղեկավարը հագնի, կողքին հազար հոգի մարդ: Դա ցույց է տալիս, որ ինքը իշխանություն չունի: Եթե ինքը ժողովրդից վախենում է, ի՞նչ իշխանություն»:

Խոսելով ընդդիմության և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Նախագահը մինչև այսօր ժամը 18.00-ը ժամանակ ունի որոշում ընդունելու: Մենք բերեցինք փաստարկներ՝ համաձայն որոնց ինքը պետք է ուղարկի գործը ՍԴ: Որոշողն ինքն է, փաստարկներն ամուր էին և պիտի որ ազդեն իր վրա: Անկախ նրանից՝ ինչ որոշում կընդունվի, բանակը նման անօրինական որոշման չի ենթարկվի: Չի լինի, որ Օնիկ Գասպարյանը հլու հնազանդ դուրս գա: Բանակը մնալու է կանգուն իր ժողովրդի կողքին: Լավ կլիներ, որ նախագահի որոշումը համապատասխաներ իրավիճակին»:

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց՝ իրենց պլանը նույնն է, որի մասին հայտարարել են, իսկ պլան Բ-ն ժողովրդական ցասումն է, երբ պլան Ա-ն չբերի հաջողության: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգված չէ՞, որ ձայնային նռնակները կարող են օգտագործվել, նա պատասխանեց. «Շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի, մանկական խաղ է: Չեմ կարծում, որ իրենք կօգտագործեն այդ միջոցները»: Վազգեն Մանուկյանը նաև նշեց՝ չի հիշում, որ նախկինում այդպիսի նռնակներ օգտագործած լինեն, չնայած ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է:

Հարցին՝ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ կա՞ն՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ ներքին համոզմունք ունի, որ այո, բայց նաև շեշտեց՝ դա իր ներքին համոզմունքն է: