Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է, և նրանք վերադառնում են իրենց սպասումները գերազանցած․ Մեխակ Ապրեսյան

Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։

Իսկ այսօր Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեն տեղեկություն է տարածել, որ Լոնդոնում կայացած  Wanderlust Reader Travel Awards-ում  Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում:  

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա բավականին ուրախալի լուր է և նշեց, որ տարբեր պարբերականներ տարբեր ժամանակներում Հայաստանը և Երևանը ներկայացրել են ամենաանվտանգ երկրների և քաղաքների շարքում, սակայն մեր զրուցակցի խոսքով՝ այսպիսի իրողությունները, կարծեք թե, չեն ազդում մեզ համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների իրավասու և պետական մարմինների վրա այն առումով, որ նրանց կայքերում Հայաստանը դեռևս կարմիր գոտով է նշվում, այսինքն՝ այնքան էլ անվտանգ ու ցանկալի երկիր չի ներկայացվում։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս խնդիրները կարողանանք հարթել, լուծել։ Պետական և մասնավոր համագործակցության շրջանակներում ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք այդ կարծրատիպը կոտրել՝ նաև ցույց տալով այս հետաքրքիր հրապարակումները, որ Հայաստանն այո՛, ամենացանկալի երկրներից է, որ Հայաստան կարելի է գալ և պետք է գալ»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Զբոսաշրջության մասին» օրենքը, որը 20 տարի փոփոխության չէր ենթարկվել։ Մեխակ Ապրեսյանը, որը ևս մասնակցել է նախագծի քննարկումներին, հույս ունի, որ օրենքը կընդունվի։

Հարցին, թե օտարերկրացի զբոսաշրջիկներին ինչն է հատկապես դուր գալիս Հայաստանում և երկիր մուտք գործելուց հետո որ վայրեր են նախընտրում գնալ, Մեխակ Ապրեսյանն ասաց․ «Օտարերկրացի զբոսաշրջիկները, ես նրանց կանվանեմ նաև հյուրերը, իրենք իրականում իրենց շատ ընդունված են զգում Հայաստանում և առաջին գրավչությունը հենց զբոսաշրջիկների մոտ մեր հայ ժողովրդի լեգենդար հյուընկալությունն ու հյուրասիրությունն է։ Եվ Հայաստանից նրանք վերադառնում են իրենց սպասումները գերազանցած։ Իհարկե նաև ծառայությունների որակը, մեր հրաշալի բնությունը՝ իր հրաշալի մարդկանցով, բավականին բազմազանեցված զբոսաշրջային արդյունքը։ Զբոսաշրջիկներին գրավում է Սևանը, Էջմիածինը,  Գառնին, Գեղարդը, Լոռու մարզում Հաղպատը, Սանահինը, բայց ոչ միայն։ Հայաստանը մեծ չէ չափերով, մարզից մարզ, գյուղից գյուղ ունենք բազմազան առաջարկներ, իհարկե, խոհանոցը նույնպես շատ գրավում է զբոսաշրջիկներին»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ աճ կա նաև ներքին տուրիզմի ոլորտում, ու թեև արդյունքները գոհացուցիչ են, բայց այս ոլորտում ևս դեռ շատ անելիքներ կան։

Խնդիրներից մեկը Մեխակ Ապրեսյանը համարում է այն, որ սոցփաթեթով հանգստանալու հնարավորություն տրված է միայն պետական համակարգի աշխատակիցներին, վերջինս առաջարկում է, որպեսզի մասնավոր սեկտորի աշխատակիցների համար ևս նման հնարավորություն ստեղծվի։ Ինչը, ըստ նրա,  էականորեն դրական կազդի ներքին տուրիզմի վրա։

Ինչ վերաբերում է Ամանորին հյուրանոցային ամրագրումներին, նշեց, որ, որպես կանոն, Ամանորին միշտ էլ ակտիվություն նկատվում է, և այցելուները ոչ միայն տեղացիներն են, այլև՝ օտարերկրացիները։ 
 

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Լիլիթ Թադևոսյան