Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում և հատկացրել 156 մլրդ դրամ՝ արցախահայությանն աջակցելու նպատակով. Նարեկ Մկրտչյան

ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում և հատկացրել 156 մլրդ դրամ՝ արցախահայությանն աջակցելու նպատակով. Նարեկ Մկրտչյան
Տնտեսություն
15:08, 17 ноябрь 2021
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունից հարցապնդում է ներկայացվել՝ կապված հետպատերազմյան շրջանի հետ: Անկախ նրանից՝ իրենք դահլիճում են, թե ոչ, պարտավոր ենք պատասխանի մասը քննարկել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Հետպատերազմյան շրջանում Արցախի կառավարությանը և արցախահայությանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու համար սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 մլրդ դրամ»,- հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Արցախում կոմունալ ծախսերի համար ՀՀ պետբյուջեից նվիրաբերվել է 9.8 մլրդ դրամ, Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիւտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020-2021թթ. պետբյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 մլրդ դրամ բյուջետային վարկ:

Նախարարը նշեց, որ Արցախից տեղահանված ավելի քան 91 հազար արցախահայերի 80 տոկոսն արդեն վերադարձել է Արցախ. «Հայաստանում մնացած արցախահայերի խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»:

«Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76՝ քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը: Ադրբեջանի կողմից ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց թիվը կազմում է 40 անձ, այդ թվում՝ 37 զինծառայող, 3՝ քաղաքացիական անձ»,- նշեց Նարեկ Մկրտչյանը և շեշտեց, որ սրանք հոկտեմբեր ամսվա տվյալներն են:

Նրա խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ. «Վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113 անձ առաջին խմբի հաշմանդամություն»: