Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն իր արարքում հանցակազմ չկա․ պաշտպան

Ռոբերտ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն իր արարքում հանցակազմ չկա․ պաշտպան
Իրավունք
18:30, 21 июль 2021
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Նման միջնորդությամբ հանդես է եկել գործը քննող մարմինը՝ Քննչական կոմիտեն։ 

Մեզ հետ զրույցում Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն, իր պնդմամբ, արարքում հանցակազմ չկա։ Վերջինս պատահաբար է հայտնվել դեպքի վայրում և տեղի ունեցածը ինքնապաշտպանություն է եղել։ Նշենք, որ մինչ այդ գործով տուժողը վիճաբանության ժամանակ դանակահարել է Ռոբերտ Սուքիասյանի մտերիմին։ 

Անդրադառնալով կալանքի միջնորդության հիմնավորումներին, պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրող կողմի հիմնավորումն այն է, որ Ռոբերտ Սուքիասյանը կարող է խոչընդոտել և ազդել գործի քննության վրա, ինչի հետ պաշտպանական կողմը համամիտ չէ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 19-ին Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ըստ ՔԿ-ի՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։