Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը․ factor.am

Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը․ factor.am
Իրավունք
14:56, 06 август 2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի բողոքը։ Դատարանն անփոփոխ թողնեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքում նշել էր, որ Սարգսյանին կալանավորելու հիմքերը բացակայում են։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշել էր պաշտպան Էմին Խաչատրյանը՝ խափանման միջոց կալանքի ընտրությունը բավականին խնդրահարույց է:

«Մեկ հոգու՝ այն էլ գործով շահագրգիռ անձի ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը, ապա՝ կալանավորման որոշում կայացնելը, դուրս է իրավական մտահորիզոնից։ Իմ պաշտպանյալը բերման չի ենթարկվել, այլ քննիչի ծանուցմամբ ինքնակամ ներկայացել է բաժին, որտեղ ապօրինի ձերբակալել, ապա՝ կալանավորել են նրան։ Սա քաղաքական հետապնդում է, Արթուր Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այնտեղ նկարագրված իրադարձությունները որևէ կապ չունեն նրա հետ»,- նշում է պաշտպանը։

Հիշեցնենք, որ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իրեն է մակագրել, ինչը վրդովեցրել էր պաշտպանական կողմին։ Նրանք կասկածի տակ էին դրել դատարանի անաչառությունը, որի հիմքով ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր։

«Մենք դատարանից պահանջել էինք ապացույցներով ներկայացնել, թե ինչպես է դատարանի նախագահն ինքն իրեն մակագրել Սարգսյանի բողոքի քննությունը, արդյոք պահպանվել են ձեռքով մակագրման համար պարտադիր այբբենական կարգը, անաչա՞ռ են եղել ընտրության հարցում։ Դատարանը մեր փաստարկներին միայն բանավոր կարգով էր պատասխանել, այն էլ՝ լղոզված, և, ինչպես սպասում էինք՝ մերժել էր ներկայացված միջնորդությունը»,- դռնփակ նիստից մանրամասներ էր հայտնել Խաչատրյանը։

Հիշեցնենք, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: