Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԳՆ ոստիկանությունը դատի է տվել Սոնա Աղեկյանին

ՆԳՆ ոստիկանությունը դատի է տվել Սոնա Աղեկյանին
Իրավունք
17:21, 02 февраль 2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, իր էպատաժային վարքագծով ու գործողություններով հայտնի  Սոնա Աղեկյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ  «Դատալեքս» կայքից։  

Ոստիկանությունը պահանջում է դատարանից   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկել Աղեկյանին։ Հայցադիմումը դատարանն ստացել է նախորդ տարվա նոյեմբերի 13-ին, ընդունել է վարույթ ու դատաքննության օր  է նշանակել 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 12:15-ին։ 

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Ըստ օրենքի՝ հիշյալ պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: