Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել էր Արամ Հարությունյանին՝ «քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու» Փաշինյանին ուղղված արտահայտության համար. Վերաքննիչ դատարանը քննում է Դատախազության բողոքը

Դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել էր Արամ Հարությունյանին՝  «քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու» Փաշինյանին ուղղված արտահայտության համար. Վերաքննիչ դատարանը քննում է Դատախազության բողոքը
Իրավունք
13:18, 03 декабрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության վերաքննիչ  բողոքի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի արդարացման դատավճռի դեմ։  

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ 

Կուսակցության նախագահը Նիկոլ Փաշինյանին ուղղված  յութուբյան տեսաուղերձում հետևյալ հայտարարությունն էր արել. «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա։ Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են։  Նիկոլ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա՝ երկու երեխա ա կորցրել, մարդ կա ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էդ մարդու ձեռքը բռնել։ Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»:

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ՝  «դատարանը եզրահանգել է, որ Արամ Հարությունյանի ելույթը, իր ամբողջության մեջ, չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր և, որպես այդպիսին, նաև ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո»:

«Վերոշարադրյալի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ չի հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան՝ Արամ Հարությունյանի կողմից քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված՝ դիտավորությամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելը»,- գրել է Բալայանը: 

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բռնության կոչերի համար Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրված ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանին, «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, փաստաբան Մուշեղ Շուշանյանին։