Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզ համար կանխատեսելի են այն որոշումները, որոնք կայացվում են». Սիրանուշ Սահակյանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին

«Մեզ համար կանխատեսելի են այն որոշումները, որոնք կայացվում են». Սիրանուշ Սահակյանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
Իրավունք
18:58, 13 декабрь 2021
Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց դատական նիստում քննության ենթարկեց արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի դիմումի մասին է։ Վերջինս դիմել էր արդարադատության նախարարին՝ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։ 

 Նախորդ նիստը հետաձգվել էր դատավոր Նախշքարյանի միջնորդության հիմքով։ 

Այս նիստում նախ քննվեց ինքնաբացարկի միջնորդությունը, որը ԲԴԽ խորհրդի անդամ Անի Մխիթարյանն էր ներկայացրել, քանի որ վերջինս մասնակից է եղել այն դատական գործին, որի համար Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացվել։ 

Ինքնաբացարկի միջնորդությունը ընթերցելուց հետո Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության մասին որոշում կայացնելու։ 

Հիշեցնենք, որ Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

ԲԴԽ որոշմամբ Զարուհի Նախշքարյանը ստացել էր խիստ նկատողություն։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակվեց Անի Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդության որոշումը, և բավարարվեց այն։

Խորհրդի անդամներից Մեսրոպ Մակեյանը խնդրեց Խորհրդից քննարկել իր՝ ինքնաբացարկ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ մոտ 2 տարի առաջ քաղաքացիական հայցով դատավոր Զարուհի Նախշքարյանը եղել է իր հայցով գործի դատավորը, որը Նախշքարյանի կողմից բավարարվել է։ Որպեսզի անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այստեղ շահերի բախում չդիտարկվի, Մակեյանն առաջարկեց քննել իր միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը։ Խորհուրդը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ այս հարցով որոշում կայացնելու համար։ Արդյունքում խորհուրդը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, և նիստը շարունակվեց առկա կազմով։

Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը խորհրդի անդամ Մելիքջանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ վերջինս, ի տարբերություն ԲԴԽ այլ գիտնական անդամների, հեղափոխությունից հետո հրաժարական չի ներկայացրել, նշանակված է նախորդ իշխանությունների կողմից, հետևաբար կա ողջամիտ կասկած, որ Մելիքջանյանն ընդունել է նոր խաղի կանոնները, բացի դրանից, վերջինս եղել է «Ելք» քաղաքական ուժի  անդամ և պառլամենտական ընտրություններում եղել է քաղաքական թիմում, առնչվել է «Իմ քայլը» քաղաքական ուժի ղեկավարի հետ, ունի մտերմության որոշակի աստիճան, հետևաբար կարող է անաչառ և անկողմնակալ չլինել։

Այսպիսով, Խորհուրդը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ միջնորդությունը քննելու համար։

Արդյունքում Խորհուրդը, քննարկելով Սահակյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որոշեց բացարկի միջնորդությունը մերժել։ Գագիկ Ջհանգիրյանը, որպես ի գիտություն, ասաց, որ Մելիքջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն դպրոցում, առավել ևս՝ նույն դասարանում չի սովորել։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ որոշակի առումով իրենց համար կանխատեսելի են այն  որոշումները, որոնք կայացվում են։ Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրեց ԲԴԽ անդամներ Ջհանգիրյանին, Բեքմեզյանին, Խաչատուրյանին, Քոչարյանին և Մելիքջանյանին։ Հիմնավորումն այն էր, որ վերոնշյալ անդամները նշանակվել են «Իմ քայլի» կողմից, և նրանց առաջադրումն ու ընտրությունը եղել են մեկ քաղաքական ուժի ղեկավարի տրամադրությամբ։ «Ամբողջովին անտեսված է եղել այս գործընթացում պառլամենտական ընդդիմության դերը, ուստի այս թեկնածուներն ընտրվել են ոչ թե պառլամենտի կողմից, այլ ուղղակի քաղաքական ուժի կողմից։ Ընդդիմությունը ևս հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել և բացատրել է բոյկոտելու իր որոշումը։ Մասնավորապես, դատաիրավական բարեփոխումներում  ընդդիմության դերն անտեսվել էր, և ԲԴԽ-ում ընդդիմության կողմից առաջադրվող թեկնածուների մի քանի փորձերը ձախողվել են իշխանության կողմից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Խորհրդի նշված անդամները հատել են նաև մասնագիտական կոմպետենտության սահմանները։ Սահակյանի պնդմամբ՝ Խորհրդի նշված անդամները քաղաքական կախվածություն ունեն Նիկոլ Փաշինյանից։

Խորհուրդը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սիրանուշ Սահակյանի միջնորդությունը քննարկելու համար։ 
Վերադառնալով՝ Խորհուրդը հրապարակեց որոշումները, համաձայն որոնց՝ մերժեց Սիրանուշ Սահակյանի՝ բացարկ հայտնելու բոլոր միջնորդությունները։ Այսպիսով, Խորհուրդն աշխատանքները շարունակեց առկա կազմով։

Զարուհի Նախշքարյանը, քննելով Lifenews լրատվական ընկերության հայցն ընդդեմ Հանրային խորհրդի նախկին նախագահի, որոշում էր կայացրել պարտավորեցնել Ստյոպա Սաֆարյանին հանրայնորեն ներողություն խնդրել լրագրողից։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը իր նախաձեռնությամբ վիրավորանք էր համարել նաև լրագրողին ուղղված «ներխուժել» բառը, չնայած հայցվորը իր հայցադիմումում այդ արտահայտությունը որպես վիրավորական չի նշել և այդ բառի համար ներողություն խնդրելու հայց չէր ներկայացրել։ 

ԲԴԽ նիստն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով։