Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

«Անտարեսի» տնօրենի նկատմամբ խուլիգանություն կատարելու գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
18:41, 17 июнь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով, և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: