Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ նախագահի նախկին խորհրդականները հայց են ներկայացրել ՍԴ ներկայիս նախագահի դեմ

ՍԴ նախագահի նախկին խորհրդականները հայց են ներկայացրել ՍԴ ներկայիս նախագահի դեմ
Իրավունք
14:53, 08 апрель 2021
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ, Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան:

Նրանք պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։

Այսօր  Վարչական դատարանում դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ կայացավ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը հայտարարեց, որ մտադիր է միջնորդել, որպեսզի դատարանը ՍԴ-ից պահանջի Արման Դիլանյանի ընտրության վերաբերյալ 2020թ ՍԴ աշխատակարգային նիստի որոշումը եւ նիստի ձայնագրությունը։ 

«Հայցի հիմքը կայանում է նրանում, որ Գրիգոր Մուրադյանի՝ աշխատանքից ազատման դիմումը կայացրել է ոչ պատշաճ սուբյեկտը՝ Արման Դիլանյանը»,-ասաց Տիգրան Ղազարյանը։ Դատավորի այն հարցին, եթե ներկայացված հիմքերին անդրադառնան, պետք է ասեն, որ չկա ՍԴ նախագահ Արման Դիլանյան, և նրա որոշումն իրավաչափ չէ։
Արձագանքելով՝ Տիգրան Ղազարյանն ասաց․ 

«Հիմնավորումների հիմքում այդ փաստարկն ենք դրել։ Այլ փաստարկ չկա։ Եթե գտնում ենք, որ կարգադրությունը տվել է ոչ իրավասու սուբյեկտը, ապա այն հանգեցնում է անվավերության, եւ հիմնավորումները ներկայացրել ենք։ Մեր հայցադիմումը հիմնավոր է»։ 

Այնուհետև դատավորն ասաց, որ ՍԴ-ում ապրիլի 20-ին դիմումի քննություն կա և սա ասում է այն բանի համար, որ եթե ապրիլի մեջ է, կարծում է՝ այս գործի վարույթը կարող են ոչ թե կասեցնել, այլ հետաձգել։ 

«Բայց քննարկեմ նաեւ մեկ այլ՝ երրորդ անձի ներգրավելու հարցը։ Եթե դատարանը վերականգնեց Գրիգոր Մուրադյանին իր պաշտոնում, գործող խորհրդականը պետք է ազատվի այդ պաշտոնից։ Իմ կայացրած դատական ակտը շոշափելու է նրան»,-ասաց դատավորը։ 

Տիգրան Ղազարյանն էլ ասաց, որ քննարկել են և առարկություն չունեն երրորդ անձի ներգրավման համար, բայց քանի որ այդ հարաբերությունները կարգավորված չեն օրենքով, պետք է աշխատանքային օրենսգրքի դրույթները կիրառվեն։ 

Այնուհետև դատավորը նշեց․ «Քանի որ դիմումը քննվում է ՍԴ-ում, դա հիմք է այս գործի վարույթը կասեցնելու համար»։ Ապա նա առաջարկեց հետաձգել դատական նիստը նաեւ այն նպատակով, որպեսզի ծանոթանա պատասխանող կողմի առարկություններին։ Տեղեկացնենք, որ ըստ ՍԴ ժամանակացույցի՝ ապրիլի 20-ին քննարկվելու է ԱԺ պատգամավորների 1/5-րդի դիմումը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը վիճարկելու վերաբերյալ, որը որոշակի առնչություն ունի 2020թ․-ի սահմանադրական փոփոխությունների օրինականության հարցի հետ»։

 Իդեպ, հայցվոր Գրիգոր Մուրադյանն այսօր հայցի քննությանը չէր  մասնակցում։ Վերջինիս հայցի քննության հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց հունիսի 21-ին, ժամը 11:00-ին։