Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱԱԾ-ի աշխատակիցը Օնիկ Գասպարյանի գործով դատավորին չի սպառնացել, չարաշահում չի եղել»․ Ռուբեն Վարդազարյան

«ԱԱԾ-ի աշխատակիցը Օնիկ Գասպարյանի գործով դատավորին չի սպառնացել,  չարաշահում չի եղել»․ Ռուբեն Վարդազարյան
Հայաստան
12:47, 26 март 2021
Երբ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի վարույթ ընդունվեց վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից՝ մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ այցելել են դատարան՝ հանդիպելու դատավորին։ Ըստ տարածված տեղեկատվության դատավորը մերժել էր հանդիպել նրանց հետ և դիմել էր ԲԴԽ։ 
Իսկ արդեն երեկ՝ դատավոր Մհեր Պետրոսյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ։

«Մենք երեկ երեկոյան ստացել ենք Մհեր Պետրոսյանից դիմումն՝ իր անհանգստության վերաբերյալ, անհապաղ հրավիրել ենք Մհեր Պետրոսյանին, զրուցել ենք իր հետ, այսօր՝ օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի դիմումին»,-Civic.am-ին տեղեկացրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ըստ «Փաստինֆո»-ի հրապարակման, քանի որ դատավոր Մհեր Պետրոսյանը կոնտակտի դուրս չի եկել ԱԱԾ պաշտոնյայի հետ, վերջինս որոշ զրույցներում սպառնացել է «նստացնել» դատավորին։

Մենք ԲԴԽ նախագահից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք եղել է որևէ սպառնալիք դատավորին ուղղված և արդյո՞ք ԱԱԾ-ի աշխատակիցը չարաշահել է իր լիազորությունները։ Ի պատասախան մեր այս հարցի՝ Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց, որ դատավորին ուղղված «որևէ սպառնալիք չի եղել և ԱԱԾ-ի աշխատակիցը միանշանակ չի չարաշահել իր լիազորությունները»։
Նշենք, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովում էր կիրառել։ Եվ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև դատարանի վճիռը կայացվելը։

Ըստ Armlur.am-ի՝ Կառավարությունը դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ է հայտնել դատարանում, ինչպես նաև միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ վարչական դատարան՝ Մհեր Պետրոսյանի աշխատակազմի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ դատավորն այսօրվանից արձակուրդ է վերցրել մինչև ապրիլի մեկը ներառյալ։
 
Նարա Մարտիրոսյան