Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրաժարական տալն ինքնանպատակ չէ»․ Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործը տապալելու մասին

«Հրաժարական տալն ինքնանպատակ չէ»․ Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործը տապալելու մասին
Իրավունք
17:00, 30 апрель 2021
Մարտի 1-ի վերաբերյալ քրգործը բացահայտվածության հատվածով գնացել է դատարան, մնացած մասով ունենք անջատված մաս, որը միջդատական վարույթում է. բացահայտված գործը միջդատական վարույթում չի մնում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Համադրությունը սխալ եք անում։ Ինձ՝ վարչապետի խոսքը մեկնաբանելու հարցադրումներ մի արեք, հարցրեք դա վարչապետին», - ասաց նա՝ անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Մարտի 1-ի» գործի ֆոնը բացահայտված է։
«Մարտի 1-ի գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածները, այլ նաեւ այդ գործընթացին առնչվող բազում այլ հանցավոր դրսեւորումներ։ Եթե քննության արդյունքում կպարզվի գործով ամբաստանյալների այլ հանցավոր դրսեւորում, ուրեմն միջդատական վարույթի գործով նրանց նկատմամբ կիրականացվի հետապնդում»,- ասաց Դավթյանը։

Նա ընդգծեց՝ դատախազությունը չի փորձում հանգամանքներ ի հայտ բերել, եւ քրեական գործի նախաքննությունն ընթանում է։ «Այդ գործով նախաքննության առարկա են բազմաթիվ հանցավոր դրսեւորումներ, այդ թվում՝ 10 անձանց սպանությունները։ Եթե վաղը պարզվի, որ որեւէ մեկն այդ 10 անձանցից մեկի սպանությունն է կատարել, պարզ չի՞, որ այդ անձի նկատմամբ հետապնդում կիրականացվի»,- ասաց նա։

Խոսելով ՍԴ-ի կողմից ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու եւ դատախազության գործողությունների մասին, գլխավոր դատախազն ասաց. «Ունենք ՍԴ-ի որոշում, ունենք դրա արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտ եւ այդ դատական ակտը մեր կողմից վիճարկվել է Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով։ Եվ այդ գործի մեր պատկերացրած իրավական հեռանկարի հարցով նաեւ նախաձեռնել ենք դիմում ՍԴ-ին»։

Լրագրողների հարցին, թե բողոքարկման գործընթացից ի՞նչ հեռանկար պետք է սպասել, պատասխանեց. «Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը ՍԴ-ում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու, եւ, ըստ էության, գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու, դրա արդյունքում համապատասխան դատական ակտին»։

Հարցին՝ եթե դատախազության դիմումը չի բավարարվում, ի՞նչ քայլեր են արվելու, Դավթյանը պատասխանեց. «Ուրեմն մենք չենք կարողանալու իմ ասած իրավական ճանապարհով գնալ»։

Իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե տապալել է Մարտի 1-ի գործը և պետք է հրաժարական տա, Դավթյանն այսպես արձագանքեց․
«Հրաժարական տալն ինքնանպատակ չէ, հրաժարական տալը պատասխանատվությունից խուսափել է և հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնեական պարտականությունները կատարելիս ունես խոչընդոտներ»։