Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազգիլդեևի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատավորի անօրինական գործողությունների պատճառով դատական նիստերին չեն մասնակցի

Ռազգիլդեևի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատավորի անօրինական գործողությունների պատճառով դատական նիստերին չեն մասնակցի
Իրավունք
19:35, 30 апрель 2021
Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։ 

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ 

Չնայած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը բազմիցս հայտարարել են, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանը դա խախտում չի համարում։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան՝ նա հղում է անում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։ Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։