Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասում ստացած այրվածքներից մահացած Պալյան Պողոսյանի գործով դատահրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ

Զորամասում ստացած այրվածքներից մահացած Պալյան Պողոսյանի գործով դատահրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ
Իրավունք
14:42, 03 март 2023
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի հատվածն այսօր փակել էին անցած տարվա հուլիսին այրվածքների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները: 

Չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը: Այդուհանդերձ, կեսօրից քիչ անց նրանք բացեցին ճանապարհը՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարի հետ զրուցելու են հեռախոսով:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը civic.am-ի հետ զրույցում ասաց, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում 2022թ. հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ. Պողոսյանին և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին։ Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել նաև դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին։ Դատահրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, մյուս երկուսով արդյունքներն ստացվել են, որոնց արդյունքներից ելնելով՝ նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»։  

Գոռ Աբրահամյանը նշեց, որ գործով հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները:

«Նախաքննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ենթադրյալ հանցանքի և հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական և վարույթային գործողությունները կատարելուց հետո: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- հավելեց ՔԿ խոսնակը։

Գեղամ Ադյան