Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում

Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում
Պաշտոնական
10:40, 10 март 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։

Մարտի 9-ին Վահան Քերոբյանի առաջին հանդիպումը եղել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադարնալով հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ներդրումայինմիջավայրին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին։  Նախարարը ներկայացրել է նաև կառավարության կողմից հաստատված Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և առաջարկել դիտարկել Կատարից պարարտանյութերի մատակարարման և այդ ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու տարբերակը։ Վահան Քերոբյանն առաջարկել է քննարկել նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։

«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», - հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու և երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական

գործարար համաժողով և այդ առիթով հրավիրել է Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիին այցելել Հայաստան։