Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո, Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։
 
Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։
 
Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։
 
Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։
 
Անդրադառնալով 2020 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
 
Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցում։