Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք կառուցողական դաշտ. Մեղադրանքների դաշտում մենք փաստահեն խոսքով շատ ավելի վստահ ենք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր գործընկերներին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Ցավում եմ, որ իմ առաջին ելույթի ժամանակ պիտի իմ ընդդիմադիր գործընկերներին խնդրեմ կամ եթե կուզեք՝ պահանջեմ հարգալից խոսել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մասին»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա ընդդիմադիր գործընկերներին հորդորեց տեղափոխվել կառուցողականության դաշտ. «Եթե մենք էլ ձեզ հետ մտնենք նույն հունի մեջ, վստահաբար դրանից մեր քաղաքացիները չեն շահելու»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի ելույթին, թե՝ այս ԱԺ-ն ձևավորվել է ընդամենը ընտրողների 49 տոկոսի քվեի միջոցով, Վարդևանյանին հարցրեց. «Այդ ո՞ր իշխանությունների օրոք քանի հարյուր հազար ընտրելու իրավունք ունեցող մարդիկ են ՀՀ-ից արտագաղթել, ինչի՞ բերումով է, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները գտնվում են դրսում»:

Խոսելով սևերի և սպիտակների թեզի մասին, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Կարծես թե մինչ հեղափոխությունը այդ նույն մարդիկ իրենք իրենց չէին բաժանել այդ նույն ժողովրդից՝ թե վիրտուալ արգելքով, թե իրենց հսկայական առանձնատների արդեն շատ մատերիալ պարիսպներով»:

Նա ընդգծեց, որ բանավեճը հասցնել այնպիսի ցածրագույն և աբսուրդ աստիճանի, երբ Թուրքիա գնալը կարող է մեկնաբանվել որպես գործակալ լինելու փաստ, սա արդեն անարգանք է ԱԺ ամբիոնին:

Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին գալ կառուցողական դաշտ, զերծ մնալ աբսուրդային մեղադրանքներից. «Որովհետև այդ դաշտում մենք փաստահեն խոսքով շատ ավելի վստահ ենք»: