Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաթուղթն առաջարկում է՝ ԽՎ-ն արձանագրի և կոչ անի ԵՄ-ին և անդամ երկրներին՝ ավելացնել օգնությունը Հայաստանին ԼՂ-ից բռնի տեղահանված անչափահասների կարիքները բավարարելու համար․ Մարիա Կարապետյանի ելույթը Եվրանեսթում

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերով հանձնաժողովի համազեկուցող․

Հարգելի գործընկերներ,
Ձեզ եմ ներկայացնում «Պատերազմից տեղահանված անչափահասների սոցիալական աջակցությունը և ինտեգրումը ԵՄ-ում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում» թեմայով Աշխատանքային փաստաթուղթը:

Սա դեռևս նախագիծ է, և Աշխատանքային փաստաթղթի բոլոր բաժինները՝ հղումներից մինչև առաջարկություններ, կփոխվեն և կընդլայնվեն: Ես և հարգարժան տիկին Մարտինա Միխելսը այս աշխատանքային փաստաթղթի համահեղինակներն ենք, և կանենք առավելագույնը, որպեսզի այն դառնա այս հանձնաժողովի համատեղ աշխատանքը՝ Ձեր կարծիքները հավաքագրելուց և ընդգրկելուց հետո։

Այսպիսով, Աշխատանքային փաստաթուղթը սկսվում է վկայակոչելով մեր թեմային առնչվող երկու ամենահիմնարար փաստաթղթերը՝ Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրան հաջորդում է հղումը մեր թեմային առնչվող Եվրախորհրդարանի մի քանի բանաձևերին։ Հաջորդ փուլում մենք, իհարկե, կընդլայնենք այս բաժինը Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրոպայի խորհրդի և այլ հաստատությունների համապատասխան փաստաթղթերով:

Աշխատանքային փաստաթղթի նախաբանը նկարագրում է մեր առաջարկությունների համատեքստը: Նախ մենք արձանագրում ենք, որ մանկությունը մարդկային կյանքի ամենախոցելի շրջանն է նույնիսկ խաղաղության ժամանակ, և էլ ավելի խոցելի՝ պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ երեխաները հաճախ ենթարկվում են անդառնալի ֆիզիոլոգիական և հոգեբանական ռիսկերի, հետևաբար նրանք արժանի են հատուկ ուշադրության, խնամքի և պաշտպանության բոլոր ժամանակներում և առավել ևս պատերազմի ժամանակ:

Նախաբանում մենք ներկայացնում ենք նաև ՄԱԿ ՓԳՀ-ի (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի) տվյալները փախստականների, ներքին տեղահանված անձանց և նմանատիպ իրավիճակում գտնվող անձանց թվի վերաբերյալ՝ Արևելյան գործընկերության երկրներում և Եվրոպական միությունում։ Մենք, իհարկե, կթարմացնենք այս տեղեկատվությունը ամենավերջին տվյալներով փաստաթուղթը Ձեր առաջարկների համար ներկայացնելուց առաջ։

Այս տվյալներին հետևող նախաբանի արձանագրումները և առաջարկությունները բովանդակությամբ գրեթե համաչափ են, և Խորհրդարանական վեհաժողովին առաջարկում են հետևյալ քաղաքական դիրքորոշումները պատերազմից տեղահանված անչափահասների սոցիալական աջակցության և մեր երկրներում նրանց ինտեգրման վերաբերյալ:

Պետք է նաև արձանագրել, որ մեր առաջարկների մեծ մասը կարելի է ասել բոլոր տեղահանվածների մասին։ Պարզապես տեղահանված անչափահասները, հատկապես առանց ուղեկցության անչափահասները, ավելի խոցելի են, քան տեղահանվածներն ընդհանրապես, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ապահովելու նրանց իրավունքների իրացումը և նրանց կարիքները բավարարումը։
Երեխայի իրավունքների կոնվենցիան ընդգծում է, որ երեք ընդհանուր սկզբունքներ շատ կարևոր են անչափահասներին վերաբերող բոլոր հարցերի համար՝ ներառյալ պատերազմից տեղահանված անչափահասների սոցիալական աջակցությունը և ինտեգրումը. այդ սկզբունքներն են երեխայի լավագույն շահը, խտրականության բացառումը և մասնակցությունը։

Փաստաթուղթը ընդգծում է տեղահանված երեխաներին իրավական կարգավիճակի արագ տրամադրման և փաստաթղթերի արագ տրամադրման կամ վերականգնման կարևորությունը:
Մենք խնդրահարույց ենք համարում երեխաներին հատուկ հաստատություներում խնամելը և խորհուրդ ենք տալիս ընտրել ընտանիքում ապրելու վրա հիմնված լուծումներ: Փաստաթուղթը շեշտում է ընտանիքի և համայնքի կարևորությունը, քանի որ երեխաները հաճախ կարող են իրացնել իրենց իրավունքները միայն այլոց հետ հարաբերություններում, նրանց աջակցությամբ:

Մենք խրախուսում ենք տեղահանված երեխաների նկատմամբ նույն վերաբերմունքը, ինչ քաղաքացի հանդիսացող երեխաների կամ առնվազն այլ օտարերկրացի երեխաների նկատմամբ:
Ձեր ուշադրություն ենք հրավիրում այսպես կոչված «սպասման երկընտրանքի» վրա։ Սա այն իրավիճակն է, երբ տեղահանված մարդիկ տանտանվում են նոր կյանք սկսել, քանի որ նրանք ցանկանում են առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ իրենց տուն:
Մենք խնդրահարույց ենք համարում երկակի ստանդարտները՝ տարբեր հակամարտություններից տեղահանված երեխաների նկատմամբ տարբեր վերաբերմունքի իմաստով:

Ձեր ուշադրություն ենք հրավիրում հյուրընկալող համայնքներում համերաշխության հնարավոր նվազման վրա։ Հյուրընկալող համայնքներում հնարավոր հոգնածությունը մեղմելու համար մենք կոչ ենք անում համապատասխան ֆինանսավորում տրամադրել համայնքային մակարդակում՝ աջակցելու հնարավոր դժգոհությունների մեղմանը, որոնք կարող են շահարկվել՝ բարձրացնելու լարվածությունը՝ սոցիալականից մինչև աշխարհաքաղաքական: Դրա հետ կապված՝ մենք խնդրահարույց ենք համարում տեղահանությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու փորձերը:

Մենք շեշտում ենք, որ տեղահանումը հավելյալ ռիսկեր է ավելացնում գենդերային բռնության, թրաֆիքինգի և շահագործման համար և, իհարկե, պահանջում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ դա թույլ չտալու համար:
Մենք նշում ենք ընտանիքների բաժանման վտանգը, ներառյալ քույրերի և եղբայրների բաժանումը, և խրախուսում ենք ընտանիքի վերամիավորումը:

Փաստաթուղթն ընդգծում է հոգեբանական և սոցիալական աջակցության անհրաժեշտությունը սթրեսը և երբեմն տրավման հաղթահարելու համար, ինչպես նաև մասնագիտական խնամքի անհրաժեշտությունը, մինչ առանց ուղեկցության տեղահանված երեխաները գտնվում են հաստատությունների ժամանակավոր հսկողության ներքո:

Հարգելի գործընկերներ,

Աշխատանքային փաստաթուղթն այս տարվա համար առանձնացնում է երկու կոնֆլիկտների համատեքստ։
Նախ՝ պատերազմը Ուկրաինայում։ Փաստաթղթում ասվում է, որ ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումն ու որդեգրումը Ռուսաստանում անհանդուրժելի անարդարություն է, որը սպառնում է դառնալ անդառնալի անարդարություն, եթե հրատապ լուծում չստանա: Ուստի, մենք առաջարկում ենք Խորհրդարանական վեհաժողովին կոչ անել Ռուսաստանին լիովին պահպանել միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և անհապաղ դադարեցնել Ուկրաինայից Ռուսաստան անչափահասների բռնի տեղափոխումն ու որդեգրումը, Ռուսաստանից պահանջել տեղեկատվություն տրամադրել բռնի տեղափոխված բոլոր անչափահասների գտնվելու վայրի մասին, ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը այն վայրեր, որտեղ պահվում են բռնի տեղափոխված անչափահասները, և թույլատրել, ապահովել նրանց անվտանգ տեղափոխումը Ուկրաինա կամ երրորդ երկիր։

Երկրորդ համատեքստը Հարավային Կովկասն է։

Աշխատանքային փաստաթուղթ առաջարկում է, որ Խորհրդարանական վեհաժողովը արձանագրի, որ Հայաստանն այս տարի ընդունել է ավելի քան 100,000 բռնի տեղահանված մարդ Լեռնային Ղարաբաղից, երբ տարածաշրջանի ողջ բնակչությունը փաստացի լքել է իր տները՝ ինը ամիս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից հերթական հարձակման բերումով, և կոչ անել ԵՄ-ին և անդամ երկրներին ավելացնել անհրաժեշտ մարդասիրական և ֆինանսական օգնությունը Հայաստանին ուղղակի բյուջետային աջակցության և միջազգային կազմակերպությունների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։