Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկախության հռչակումից ի վեր՝ 31 տարի, անկախության համար պայքարը շարունակվում է. եթե հիմա էլ չկարողանանք ուղղել բացթողումները, կկորցնենք պետականությունը. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ

Անկախության հռչակումից ի վեր՝ 31 տարի, անկախության համար պայքարը շարունակվում է. եթե հիմա էլ չկարողանանք ուղղել բացթողումները, կկորցնենք պետականությունը. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
Քաղաքականություն
15:26, 23 август 2021
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության գործընթացն սկսելու, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման մասին Civic.am-ը զրուցել է Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հետ։

Զրույցը սկսեցինք այն հարցից, թե ինչպես որոշվեց Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրը։  

Սամսոն Ղազարյանը պատմեց, որ հանրահավաքի օրը որոշել է ինքը՝  լուսահոգի Իգոր Մուրադյանի և Սամվել Ավետիսյանի հետ, ներկա է եղել նաև Հրայր Ուլուբաբյանը։

«Դա փետրվարի 17-ն էր, մենք գնացել էինք դիմավորելու վերջին պատվիրակությանը, որը Մոսկվա էր գնացել։ Մենք ստորագրությունների մի փաթեթ էինք ուղարկել Մոսկվա և լուրերի էինք սպասում։ Այս վերջին պատվիրակության մեջ էր նաև ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից Գուրգեն Գաբրիելյանը։ Դիմումն ուղղված էր ԽՍՀՄ ԳԽ-ին, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գա և մտնի Հայաստանի կազմի մեջ. դրա իրավասությունը ԽՍՀՄ ԳԽ-ինն էր։ Եվ որոշեցիքն, որ փետրվարի 20-ին անենք հանրահավաք, որովհետև փետրվարի 20-ին նշանակված էր ԼՂԻՄ մարզխորհրդի նիստ՝ այդ հարցի քննարկման համար։ Գուրգեն Գաբրիելյանին առաջարկեցի, որ մնա, մասնակցի մեր միտինգին, ասաց՝ չէ, ես ամսի 20-ին պետք է լինեմ Ստեփանակերտում, շատ կարևոր է, որովհետև հարցեր կան, կարող են բարդություններ առաջանալ, թող պատվիրակության անդամներից մեկն իր տպավորությունները պատմի»,- ասաց Սամսոն Ղազարյանը՝ վերհիշելով շարժման առաջին հանրահավաքի օրը։ 

Այնուհետև խոսելով անկախության գաղափարի մասին՝ Սամսոն Ղազարյանն ասաց, որ յուրաքանչյուր ժողովրդի հավաքական կամքի դրսևորման բարձրագույն ձևը պետությունն է, պետականությունն է։ 

Նա նշեց, որ Կիլիկիայից հետո շուրջ 600 տարի անց մենք վերականգնեցինք մեր պետականությունը, անկախություն հռչակեցինք։
 Վերջինիս խոսքով՝ անկախության դրական երևույթները շատ էին, և դրանք պետք էր օր օրի ամրացնել, բայց, ցավոք, չի արվել, և 44-օրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ անկախության ամրապնդման համար այն, ինչ պիտի արվեր, չի արվել, որովհետև պետությանը բնորոշ հիմնական ատրիբուտը բանակն է։

 «Բանակի կազմավորման 15-ամյակին՝ 2007 թվականի փետրվարի 20-ին, մենք հանրահավաք ունեինք, և ես ծրագրային ելույթ ունեցա ու խոսեցի բանակի մասին։ Հիշում եք, չէ՞, այն ժամանակ խոսում էին, որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ես իմ ելույթում ասում եմ՝ ինչո՞վ է ամենաուժեղը, ինչո՞վ է  ամենամարտունակը. բանակը եթե թիկունք չունի, դա բանակ չի։ Այն ժամանակ էլ էինք ահազանգում, և վերջին 27 տարիներին, նաև մեր իշխանության օրերն եմ հաշվում, բացթողումներն այնքան շատ են եղել, բայց ամենացայտուն ապացույցը բանակի վիճակն է»,- ասաց Սամսոն Ղազարյանը՝ նշելով, որ անկախության տարիների ամենամեծ բացթողումը բանակը անտեսելն է  եղել։ Լուսահոգի Վազգեն Սարգսյանը երբ որ բանակում էր, նա առանց վրդովվելու իմ դիտողությունները լսում էր. ահա այդպես էինք աշխատում։ Իսկ 1998-ից հետո՝ Վազգեն Սարգսյանից ու Կարեն Դեմիրճյանից հետո, որևէ մեկը Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին իրենց շրջապատից կհամարձակվե՞ր որևէ ոլորտի մինուսների մասին հայտնել, չեք կարող որևէ նման դեպք մատնացույց անել»,- ասաց Սամսոն Ղազարյանը։

Խոսելով նաև մեր օրերի մասին, թե ինչ է արվում անկախության ամրապնդման համար, Սամսոն Ղազարյանն ասաց, որ ինքը լավատես է, հուսահատվող չէ, հանձնվող չէ։

Նա նշեց, որ ինքն ինչ-որ չափով իրազեկված է, տեսնում է, զգում է, որ շարժ կա, ինչ-որ բաներ փոխվում են, բայց եթե մենք հիմա էլ չկարողանանք խմբագրել, սրբագրել, ուղղել բացթողումները, ապա կկորցնենք պետականությունը և կդառնանք քամուց քշվածներ։
«Իսկ այն տեմպերով, որ հիմա ընթանում է արտագաղթը, ընդհանրապես այստեղ որևէ սուբյեկտ չի կարող մնալ։ Պետականությունը մենք մեծ հաջողությամբ կխժռենք, կմսխենք ու կավարտվի, Տարաս Բուլբայի պես՝ «մենք սնել ենք, մենք էլ խժռեցինք»։ Լեզուս պապանձվի։ Այդպես կամեցողներ կային, չկա պետություն, կա պրոտեկտոր, որոշները պրոտեկտորատ էին երազում՝ որևէ մեկի հովանու տակ, այդ իսկ պատճառով այդքան լկտիաբար թալանում էին։ Ես անընդհատ մտածում էի՝ ի՞նչն է սրանց համարձակության ակունքը, որ այսպես լկտիաբար, ափաշքարա թալանում են։ Բանից պարզվեց, որ իրենք համոզված էին, որ իրենց պապաները, ում պրոտեկտորատի տակ ուզում էին մտնել, լավ էլ խրախուսել էին այդ գումարների մսխումը։ Հիմա պետք է պատասխան տան, որ չլինի այնպես, ինչպես երազում էին նրանք։ Ամեն ինչ դեռ կորած չի, աշխատել է պետք»,- ասաց Սամսոն Ղազարյանը։ 

Նա համոզված է և կասկած չունի, որ այսօրվա իշխանությունները փորձում են շտկել բացթողումները, բայց նորից շատ խանգարողներ են լինելու, ներսում՝ 5-րդ շարասյունը, գումարած՝ հակառակորդները, որոնք ամեն ինչ անելու են, որ մենք անընդհատ խոչընդոտների առաջ լինենք ու մեր ընթացքը՝ արգելանքներ հաղթահարելու, անընդհատյա լինի, բայց պետք է կարողանանք հաղթահարել այդ արգելքները։     
Ի հավելումն՝ Սամսոն Ղազարյանն ասաց, որ անկախության հռչակումից ի վեր՝ 31 տարի, մենք պայքարում ենք անկախության ամրապնդման համար և պետք է օրուգիշեր հսկենք այդ խնդիրը։

Լիլիթ Թադևոսյան