Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում՝ Ադրբեջանում քաղաքական ընտրանին հետաքրքրված է դառնալու ՌԴ-ի «բենզալցակայանը»․ Արեգ Քոչինյան

Չեմ կարծում՝  Ադրբեջանում քաղաքական ընտրանին հետաքրքրված է դառնալու ՌԴ-ի «բենզալցակայանը»․ Արեգ Քոչինյան
Քաղաքականություն
20:45, 25 январь 2024
Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։
 
-Պարոն Քոչինյան, այս որոշումը Բաքվի վրա արդյոք լուրջ ազզեցություն կունենա՞։

 -
Ես չեմ կարծում, որ սա կմեղմի Բաքվի վերաբերմունքը իրենց երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության կամ իրենց կանոնադրական այլ պարտավորությունների նկատմամբ։  Իմ կարծիքով սա  ավելի կխստացնի Բաքվի դիրքորոշումը իրենց ներքաղաքական հարցերում,  հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում։ Ադրբեջանը Արևմուտքի նկատմամբ  իր դիրքորոշումը ևս կխստացնի։

 
Բայց տենդենցը, որի ուղղությամբ Արևմուտքը գնում է, մեզ պետք է հետաքրքիր լինի։ Մենք տեսնում ենք, որ կա որոշակի փոփոխություն արևմտյան քաղաքական ընտրանու վերաբերմունքի ու ընկալման մեջ Ադրբեջանի նկատմամբ, բայց պետք է ֆիքսենք, որ դա դեռևս բավարար չէ որևէ հարց լուծելու համար։

 -
Կարո՞ղ ենք ասել, որ սրանով ՀՀ-ն ավելի է մոտենում Արևմուտքին, իսկ Ադրբեջանը դիկտատուրային կամ Ռուսաստանին։

 -
Կարող ենք ասել, որ նման հնարավորություններ են ստեղծվում։ Դա մեկը մյուսի համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Ադրբեջանի հեռացումը Արևմուտքից և դրա փոխարեն սերտացումը այլ ուժային կենտրոնի հետ մեզ համար հավելյալ հնարավորություններ է ստեղծում զարգացնելու մեր օրակարգը Արևմուտքի հետ։

 
Ես նաև չեմ կարծում, թե Ադրբեջանում քաղաքական ընտրանին շատ հետաքրքրված է, կոպիտ ասած, դառնալու ՌԴ-ի «բենզալցակայանը»։ Չեմ կարծում, թե որևէ պետություն է դրանով հետաքրքրված։ Եվ այստեղ էլ շերտեր կան ու ամեն ինչ միանշանակ չէ։

 -
Ադրբեջանական ԱՊԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը «չի պատրաստվում համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ», և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։  Ձեր կարծիքով Բաքուն իսկապե՞ս կարող է դուրս գալ Եվրախորհրդից, ու ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Ադրբեջան-Եվրոպա ու հայ-ադրբեջանական հարաբերություններում։

 -
Կարող է  դուրս գալ Եվրախորհրդից ու չեմ բացառում նման հնարավորությունը։ Դա մեզ համար որևէ դրական էլեմենտ չի թողնի իմ կարծիքով։ Դա Հայաստանի համար հնարավորություն կստեղծի ավելի հեշտ սեփական նարատիվները ու դիրքորոշումները առաջ տանել։
 Բայց նորից եմ ուզում կրկնել, որ եթե այս տենդեցները շարունակվում են, դա մեզ համար հետաքրքիր է  դառնում։ Մի կողմից Ադրբեջանի հեռացումը Արևմուտքից, մյուս կողմից՝ մեր մտերմացումը Արևմուտքի հետ։ Այսինքն՝ մենք այս ամեն ինչի մեջ պետք է տենդեցներից խոսենք, որովհետև ձեռքբերումները այքան էլ շոշափելի չեն։

-Եթե այս միտումները շարունակական լինեն, ապա ի՞նչ սպասենք։

-Եթե այդ միտումները շարունակվեն, ապա տրամաբանորեն պետք է  սրան հաջորդեն սանկցիոն որոշակի գործողություններ Ադրբեջանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։ Իսկ մեր մասով, եթե այդ միտումները շարունակվեն, ապա պետք է  լինեն ՀՀ-Արևմուտք շատ ավելի խորը և շատ ավելի լուրջ համագործակցություն՝ ռազմական և ռազմաքաղաքական հարցերով։ Պայմանական ասած՝ մի շարք երկրներ պետք է  գնան Ֆրանսիայի օրինակով։

 -Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։ Կարծիքներ կան, որ իրավիճակն ամբողջությամբ Բաքվի ձեռքում է՝ տնտեսական պատժամիջոցների իսպառ բացակայության, ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պայմաններում։

 -Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ի որոշումները Ադրբեջանը, այսպես թե այնպես, կատարելու է, կամ դա իրեն կանգնեցնելու է դրանք չկատարելու ճանապարհին։  Իհարկե,  նման ինստիտուտների ապամոնտաժումը Ադրբեջանի կողմից, նրան դարձնում է ավելի քիչ վերահսկելի միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց եթե բանը հասավ նրան, որ Ադրբեջանը ինքնակամ դուրս գա, ապա նշանակում է , որ ինքն արդեն իսկ անվերահսկելի էր։
 
Դավիթ Լևոնյան