Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհուրդ եմ տալիս հրապարակել քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. Համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիները հերթական շոկը կապրեն Արշակ Կարապետյանի մասին

Խորհուրդ եմ տալիս հրապարակել քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. Համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիները հերթական շոկը կապրեն Արշակ Կարապետյանի մասին
Քաղաքականություն
08:30, 19 март 2024
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Համահայկական ճակատ» անվանումով շարժում է սկսել, իրեն էլ հռչակել որպես այդ շարժման առաջնորդ, և վերջին շրջանում ակտիվացած Արշակ Կարապետյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին։ Հարցազրույցի ամբողջ ընթացքում Կարապետյանն ամբողջ եռանդն օգտագործել է գործող իշխանությանն ու վարչապետին վարկաբեկելու և փնովելու, զուգահեռ էլ իրեն որպես ՌԴ-ում լավ կապեր ունեցող «փրկչի» դերում ներկայացնելու համար։
Վերջինս հարցազրույցում նշել է, որ ՀՀ բնակչության 65 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ, և «ուրիշ ձև չի կարող լինել», իսկ քանի որ ինքն էլ լավ կապեր ունի, այդ կապերը մեր ժողովուրդը պետք է օգտագործի, որպեսզի երկրում հեռացնի ներկայիս իշխանություններին։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց, որ Արշակ Կարապետյանով պետք է զբաղվի նրա նախկին անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արշակ Կարապետյանի խնդիրն այլևս բացառապես հանրապետության վարչապետի և նրա ենթակայության տակ գտնվող ուժային մարմինների տիրույթում է գտնվում։ ՀՀ քաղաքացիների դարդուցավը բավականին շատ է և արշակկարապետյաններով զբաղվելու ժամանակ չունի։ Իսկ ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարած 65 տոկոս ռուսամետ զանգվածին, ապա Արշակ Կարապետյանին խորհուրդ եմ տալիս «մոսկվաբադից» վերադառնալ Երևան և Երևանում այդ 65 տոկոս ռուսամետ քաղաքացիների հետ փորձ անել շփվելու։ Եթե, իր վերջերս արած հարցազրույցի համաձայն, մի քանի օրվա հարց էր Փաշինյանի մնալ-չմնալը, թող գա իրականացնի։ Գնացել նստել է Մոսկվայում ու բարձրագոչ հայտարարություններ է անում»,- ասաց քաղաքագետը։

Նա նաև նշեց, որ սա ազգային խայտառակություն է, երբ երկրի պաշտպանության մի քանի նախարարներ գնացել ծվարել են մոսկվաներում ու այնտեղից բարձրագոչ հայտարարություններ են անում։ 

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը թիվ մեկ թշնամին է Փաշինյանի իշխանության։
«Արշակ Կարապետյանն ինձ համար այլևս բացահայտված ագենտուրայի ներկայացուցիչ է։ Եվ ես խորհուրդ եմ տալիս ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Անդրանիկ Քոչարյանին հրապարակել 2016թվականի քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիները հերթական շոկը կապրեն Արշակ Կարապետյանի մասին։ Ինձ համար թիվ մեկ խնդիրն այն է, որ նմանատիպ դիակներին բերում դարձնում ենք քաղաքական գործոն։ Արշակ Կարապետյանն ում դռան շունն է, որ այսպիսի բարձրագոչ հայտարարություններ է անում։ Մարդ, ով գնացել է ՌԴ, այնտեղի դռների տակ վնգստալով ՀՀ-ում իշխանափոխություն է պլանավորում, այն դեպքում, երբ որ ՀՀ-ն ռազմավարական կողմնորոշման խնդրի առաջ է կանգնել՝ հայացքն ուղղել է Արևմուտք՝ հանուն իր անվտանգության»,- ասաց Հարություն Մկրտչյանը։ 
 
Լիլիթ Թադևոսյան