Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այստեղ տուժող կողմ է ոչ միայն ԱԺ պատգամավորը, այլև հասարակությունը. փաստաբանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Այստեղ տուժող կողմ է ոչ միայն ԱԺ պատգամավորը, այլև հասարակությունը. փաստաբանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Քաղաքականություն
15:00, 16 апрель 2024
Երեկ հայտնի դարձավ, որ հանրային տրանսպորտում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ Սամվել Վարդանյան անունով անձը խուլիգանական արարք է դրսևորել,  խոչընդոտել է պատգամավորի ազատ տեղաշարժը և վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին՝ ասելով. «հակահայ վիժվածք, էս մարդամեջ եք հելնո՞ւմ դուք, այ վիժվածք», «ժեխ վիժվածք», «արա, դու հայրենիք ես տալիս, ժեխ բիձա...»։ Սույն անձի պահվածքը դատապարտեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության պատգամավորները՝ այս միջադեպում տեսնելով որոշակի ուժերի կողմից պատվեր, և կոչ արեցին իրավապահներին հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել սույն անձին։ Միջադեպից կարճ ժամանակ անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ Սամվել Վարդանյանը հայտնաբերվել է և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել։ Նշենք, որ Հակոբ Ասլանյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտեցին իշխանական պատգամավորները, սակայն ընդդիմադիր պատգամավորները որևէ բառ չարտաբերեցին այս առնչությամբ։ Հիշեցնենք նաև, որ նախորդ շաբաթ Հակոբ Ասլանյանը քննադատել էր Դաշնակցությանը ու արժանացել դաշնակցական պատգամավորների կոշտ արձագանքին, և շատերը կապ են տեսնում այս միջադեպի և ընդդիմադիր պատգամավորների արձագանքի միջև։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։ Նրա  խոսքով՝ այն, որ այդպիսի վարկած կարող է լինել, ոչ մեկը չի կարող բացառել, որովհետև ինչու հենց այդ ժամանակ եղավ կամ ինչու հաջորդեց նման գործողությունը։  
«Այսինքն՝ եթե ինչ-որ հերթականություն կա, որին հաջորդում են այդ գործողությունները, բնականաբար ցանկացածս էլ կարող ենք ենթադրել, որ դա դրա հետ է կապված։ Ամեն դեպքում ինչ-որ առումով ինչ-որ շարժառիթ հաստատ կա։ Հիմա այդ շարժառիթը հանդիսացել է այն, որ պատվիրել են այդ երիտասարդին, դա կարող է շատ օբյեկտիվ իրականություն լինել, բայց հիմա դա իրականում այդպես է, թե այդպես չի՝ միայն կարող ենք ենթադրության մակարդակով  ասել։ Բայց եթե այդ վարկածը հիմնավորվի, այդտեղ արդեն լրիվ այլ հարց է բացվում, այսինքն՝ այստեղ խոսք չի գնում միայն այն արարքի մասին, որն այդ անձը կատարել է, այլ՝ կազմակերպչի մասին։ Քրեաիրավական առումով դա նույնպես իրավական գնահատականի է ենթարկվում»,- ասաց փաստաբանը։
Խոսելով նաև այն մասին, որ որոշ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներ շտապեցին խուլիգանական արարքի մեջ կասկածվող երիտասարդի ձերբակալումը համարել քաղաքական հետապնդում, փաստաբանն ասաց՝ ինչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը, երբ մարդն ակնհայտ հանրային միջավայրում կատարել է  մի արարք, որը բնականաբար պետք է իրավական գնահատական ստանա։

 «Այսինքն՝ ի՞նչ անեն, թողնեն ցանկացած մարդու, որ պատգամավորին, մյուսին, ով ինչ ուզենա՝ ասի՞, վիրավորի՞ ու մնա անպատասխանատո՞ւ։ Դա արդեն կստացվի, որ մենք ներսում անվտանգության լուրջ խնդիր ունենք։ Կստացվի՝ մեր քաղաքացին որևէ ձևով ապահովագրված չի։ Հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ քաղաքական գծի են հարում և փորձում են դրա տակ ինչ-որ բաներ դնել։ Ցանկացած մարդ իրավունք ունի կոչ անելու, եթե իր կոչը տեղավորվում է իրավական նորմալ դաշտում, որևէ խնդիր չկա։ Ես էլ հիմա կոչ եմ անում, որ ցանկացած արարք պարտադիր ենթարկվի նորմալ քննության, ու անձինք, որոնք որևէ արարքի մեջ մեղավորություն ունեն, ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Գևորգ Դավթյանը։    

Այնուհետև փաստաբանն ասաց՝ այստեղ տուժող կողմ է ոչ միայն ԱԺ պատգամավորը, այլև հասարակությունը, մենք բոլորս ենք, այսինքն՝ այդ անձը թքած ունի շրջապատի վրա. խուլիգանությունը հասարակության մեջ ընկալվում է շատ վատ արարք, որովհետև խուլիգանությունն ուղղված չի կոնկրետ մեկ անձի, այլ խուլիգանության օբյեկտը հիմնականում հասարակությունն է, հանրային միջավայրն է։
 
Լիլիթ Թադևոսյան