Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բառերը սպանելու հատկություն ունեն». Հերթական անգամ բռնության ենթարկված Հակոբ Ասլանյանը հարձակումից օրեր առաջ ԱԺ ամբիոնից թիրախավորվել էր ՀՅԴ-ականների կողմից

«Բառերը սպանելու հատկություն ունեն». Հերթական անգամ բռնության ենթարկված Հակոբ Ասլանյանը հարձակումից օրեր առաջ ԱԺ ամբիոնից թիրախավորվել էր ՀՅԴ-ականների կողմից
Քաղաքականություն
22:30, 15 апрель 2024
Երբ 2019 թվականի  հունվարին համերգի ժամանակ մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝  սրտի հատվածում,  ստացած դանակի հարվածների հետևանքով մահացավ Լեհաստանի  Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը,  քաղաքապետի կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ տիկնոջ, մշտապես բացասական երանգներով է լուսաբանել քաղաքապետի գործունեությունը։  «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, և նա որպես զոհ ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր կինը: Անհերքելի է՝ այսօր քարոզչական ահռելի աշխատանք է տարվում ընդդեմ իշխանության։ Հատկապես  44-օրյա պատերազմից հետո իշխանության նկատմամբ բռնություն կիրառելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու, ատելության խոսք պարունակող կոչերը լսելի և տեսանելի են  գրեթե ամենօրյա պարբերականությամբ։ 

Այսօր, ահա, հայտնի դարձավ, որ հանրային տրանսպորտում խուլիգանական արարքի զոհ է դարձել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ տրանսպորտում գտնվող անհայտ անձը խոչընդոտել է  պատգամավորի ազատ տեղաշարժը. դատելով համացանցում հայտնված կադրերից՝ Ասլանյանին սույն երիտասարդը թույլ չի տվել իջնել ավտոբուսից՝ հընթացս տեղալով վիրավորական արտահայտություններ՝ «հակահայ վիժվածք, էս մարդամեջ եք հելնո՞ւմ դուք, այ վիժվածք», «ժեխ վիժվածք», «արա, դու հայրենիք ես տալիս, ժեխ բիձա...»։ Թե  ինչ դրդապատճառով կամ ում դրդմամբ է սույն քաղաքացին դիմել խուլիգանական նման քայլի, արդյոք որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ կամ համակի՞ր է՝ դեռևս հայտնի չէ, սակայն դատելով վերջինիս գործածած բառապաշարից՝ ակնհայտ է  արարքի քաղաքական մոտիվը։  Նշենք, որ օրերս Հակոբ Ասլանյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս քննադատել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ելույթից հետո ԱԺ ամբիոնին մոտեցած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ռեպլիկի կարգով հեգնել էր, թե՝ «մինչև ելույթս Հակոբ Ասլանյանին էի լսում, ասի՝ լավ, որդի՞ց իրա մոտ էդ հակադաշնակցականությունը, կարող ա՞ 93-ին, էն եռամսյա հավաքներին որ փողոցներից էին նաև բռնում-տանում առաջնագիծ, որ տարել են Ֆիզուլի Դաշնակցության գումարտակ, էդ ժամանակ ա, բայց ում հետ որ տղերքից խոսում եմ, ասում ա՝ չէ, չենք նեղացրել։  Բայց ամեն դեպքում...»։ Մանուկյանին երկրորդած մեկ այլ դաշնակցական էլ՝ Արմենուհի Կյուրեղյանը, ամբիոնից նետեց. «Պարո՛ն Ասլանյան, ժողովրդի լեզվով ասած, գիտե՞ք  ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև, գիտեք, իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամուն հանձնելու ձեր ծրագրի խանգարումը Դաշնակցությունից ու Դաշնակցությունով է գալու»։  

Չենք պնդում, որ խուլիգանական արարք թույլ տված  անձի վարքի վրա ազդել է Դաշնակցության կամ որևէ ընդդիմադիր գործչի  ուղղորդված հակաքարոզչությունը իշխանության ներկայացուցիչների հասցեին, սակայն փաստ է, որ ՀՅԴ-ն ու բռնությունը, ահաբեկումը  կարծես կողք կողքի են քայլում՝ հոմանիշներ են։ Հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրերին ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանը երբ բռունցքով հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի քունքին, նրա այդ արարքը «հիացմունքի» արժանացավ ու  «բրավո»-ներով ողջունվեց ոչ մանդատավոր, սակայն ընդդիմադիր մի շարք գործիչ-փորձագետ-վերլուծաբանների կողմից։ Նրանցից, օրինակ, մեկը՝ Անժելա Էլիբեգովա անունով հայտնի ադրբեջանագետը, նշելով Մհեր Սահակյանին, ֆեյսբուքյան իր էջում, որն ունի հետևորդների մեծ բանակ,  գրել էր. «Մհեր Սահակյանը ուղղակի իրականացրել ա հարյուր հազարավոր մարդկանց երազանքը»։ Տիկին ադրբեջանագետի գրառմանն արձագանքած նրա հետևորդները նույնպես բռնությունն արդարացնող մեկնաբանություններ են գրել, ընդհուպ այսպիսիք՝ «մեռնեմ ձեռներիդ, Մհեր»։  

Ի դեպ, Հակոբ Ասլանյանը (և ոչ միայն նա, իշխանության ներկայացուցիչ մի շարք այլ գործիչներ նույնպես) առաջին անգամ չէ, որ բռնության է ենթարկվում։ Նրա նկատմամբ հարձակում էր տեղի ունեցել նաև 2021 թ. փետրվարին։ Առավոտյան ԱԺ մուտք գործելիս պատգամավորը Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած՝ «Հայրենիքի փրկության շարժման» ցուցարարների կողմից հարձակման էր ենթարկվել։ Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, այն է՝ ձախողված հեղաշրջման փորձից հետո ՀՓՇ-ի անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը, հատկանշական է, ոչ միայն  չդատապարտեցին նման  գործողությունները, այլև իրենց ելույթներում ակամա խրախուսեցին արյուն թափելու, վրեժ լուծելու վարքագիծը՝ թիրախավորելով ընդհուպ իշխանության համակիրներին և նրանց «ժեխ» անվանելով։ 

Այսօր այդ ուժերից ոմանք նույնպես նույն՝ բռնության քարոզ պարունակող խոսույթն են կիրառում իշխանության մասին արտահայտվելիս՝ միշտ թեժ պահելով անհանդուրժողականության մթնոլորտը։  

Բազմաթիվ պարգևների  արժանացած Հակոբ Ասլանյանը, որը, նշենք, ղարաբաղյան երեք պատերազմների մասնակից է, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում աչքի ծանր վիրավորում է ստացել,  հարձակման էր ենթարկվել նաև 2023 թ. սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում։ Հակաիշխանական հայացքներով, ակնհայտորեն ուղղորդված գազազած  մի խմբակ  սեռական բնույթի հայհոյանքներ էր  տեղացել, վիրավորել ու քաշքշել, ինչպես նաև  բռնություն էր գործադրել  ոչ միայն Ասլանյանի, այլև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ։  ՔՊ-ական պատգամավորները Եռաբլուր էին այցելել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակվածներին։ «Արցախը դո՞ւ ես հանձնել թուրքին»,- բղավում էր հարվածողներից մեկն ու սեռական բնույթի հայհոյանքներ տեղում իշխանության ներկայացուցիչների հասցեին։  

Հատկանշական է, որ 2022 թ. մայիսի 8-ին, «Դիմադրություն» շարժման օրերին, դաշնակցական երիտասարդների մասնակցությամբ բռնարարք էր տեղի ունեցել  Գյումրիում՝  ավտոերթի մասնակիցները տարեց տղամարդկանց կոչ էին արել միանալ իրենց, սակայն  ստանալով բացասական պատասխան՝ վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել էին  հիշյալ տարեց տղամարդկանց, վիճաբանել, ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին, որը Գեղամ Մանուկյանի որդին է,  Հոսիկ Սարկիսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին և Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը դատարանում է։  

Նկատենք, որ ատելության խոսքն ու այսպես ասած`արյունռուշտ տրամադրությունները հետհեղափոխական ֆենոմեն չեն, և դեռ 90-ականներից հասարակությունը հաղորդակից էր լինում մամուլի էջերից, «ռուպռներից» կամ ԱԺ-ի  միկրոֆոններից թափվող ու լսվող ատելության խոսքի այնպիսի «մաստեր կլասսների», որոնք առ այսօր անգերազանցելի են մնում: Փաստ է՝ երբ 1998-ի իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան նախկիններին պատժելու, «ժողովրդի արյունը ծծողներին», երկրի առաջընթացը «տոռմուզ անողներին» ջարդել-փշրելու տրամադրությունները, դրանցից ազդված «ռոմանտիկների խումբը» որոշեց նյութականացնել դրանք: 

Նշենք, որ այսօր տեղի ունեցած միջադեպը դատապարտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու մասնավորապես նշել՝ «այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:  

Հ. Մանուկյան