Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես էլ լինեի, ձևելու էի դրան», «Ջիգյարով շնորհակալ եմ Մհերից»․ բռնությունն արդարացնող հայտնի տիկնայք, որոնցից մեկը «օրհնվի» է ասում այն օրվան, երբ անձրեւանոցին կհաջորդի պայթուցիկը, անպատի՞ժ կմնան

«Ես էլ լինեի, ձևելու էի դրան», «Ջիգյարով շնորհակալ եմ Մհերից»․ բռնությունն արդարացնող հայտնի տիկնայք, որոնցից մեկը «օրհնվի» է ասում այն օրվան, երբ անձրեւանոցին կհաջորդի պայթուցիկը, անպատի՞ժ կմնան
Հասարակություն
13:26, 14 апрель 2023
Հատկապես  44-օրյա պատերազմից հետո իշխանության նկատմամբ բռնություն կիրառելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու, ատելության խոսք պարունակող կոչերը լսելի և տեսանելի են  գրեթե ամենօրյա պարբերականությամբ։ Օրերս ՀՀ վարչապետի վրա անձրևանոց նետած կնոջ վարքագիծը նման կոչերի նյութականացման ապացույցն է, որին նախորդել էլ մեկ այլ բռնարարք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին բռունցքով հարվածելու դեպքը, որի հեղինակը  ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանն էր։ Մտահոգիչ է, որ այդ խայտառակ միջադեպին հաջորդեցին Սահակյանի նման վարքագիծը՝ բռնարարքն  արդարացնող հայտարարություններ Ֆեյսբուքում մեծ լսարան ունեցող բազմաթիվ  օգտատերերի կողմից։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ Քրեական օրենսգրքով նախատեսված  հանցակազմ պարունակող արարքը  ոմանք արդարացրին որպես «հայ ժողովրդի մի ստվար հատվածի կողմից ընդունելի» քայլ՝ կոչ անելով շարունակել։  Արդեն հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «AntFake.am» կայքում հրապարակված համապատասխան տեսագրությունում բռնության կոչի ու բռնության արդարացման առկայության դեպքի նախաքննությունը: 2023թ. ապրիլի 10-ին Նարեկ Սամսոնյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ 

Սամսոնյանը, մինչդեռ, միակը չէ, որը Վարդանյանի նկատմամբ գործադրված բռնությունն արդարացրել է։ Մեկ այլ հանրային դեմք՝ «Քոչարյանի աջակից» համարվող Անի Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում, նշելով Մհեր Սահակյանին, գրել է. «Ես չեմ ճանաչում Մհեր Սահակյան-ին, բայց ասում եմ, որ ջիգյարով շնորհակալ եմ իրենից՝ հազարավոր անկապ խոսքերի փոխարեն, հազարավոր հայերի կողմից, քպ-ական վիժուկին արժանի վերաբերմունք ցույց տալու համար։ Ինքն իմ համար օրինակելի հայ է ու ԱԺ-ում իմ դիրքորոշումն արտահայտող պատգամավոր»։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը խրախուսող, դրա համար շնորհակալություն հայտնող, վիրավորական արտահայտություն արած  Անի Կարապետյանը, փաստորեն, պատասխանատվության չի կանչվել։ Տիկինն, ի դեպ, իր գրառմանն արձագանքած օգտատերերից մեկի մեկնաբանությանն ի պատասխան գրել է. «ես դաշնակցական չեմ, բայց որ ես էլ լինեի, ձևելու էի դրան»։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է՝ «ապրես, ախպեր ջան», մեկ ուրիշն էլ «Mez mi qani Mhera petq vor chgnanq korcanman bravo-Մեզ մի քանի Մհեր ա պետք, որ չգնանք կործանման, բրավո», որին Անի Կարապետյանն արձագանքել է. «1000%»։ 

Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ բռնությունն արդարացնողների ցանկում  է նաև ադրբեջանագետ ներկայացող Անժելա Էլիբեգովա օգտատերը, որը օրերս դարձել էր «ֆեյսբուքյան աստղ»՝ Եռաբլուրում փորված փոսերի մասին իր գրառմամբ։ Նրա գրառումն, ի դեպ, տիրաժավորել էին ադրբեջանական կայքերը։ 

Անժելա Էլիբեգովան, նշելով Մհեր Սահակյանին, ֆեյսբուքյան իր էջում, որն ունի 24 հազար հետևորդ, գրել էր. «Մհեր Սահակյանը ուղղակի իրականացրել ա հարյուր հազարավոր մարդկանց երազանքը»։ Տիկին ադրբեջանագետի գրառմանն արձագանքած նրա հետևորդները նույնպես բռնությունն արդարացնող մեկնաբանություններ են գրել։ Նրանցից մեկն, օրինակ, գրել է. «Աստված իմ թող դրանց բոլորին մի գերբնական ուժ ոչնչացնի ձեռքերդ դալար Մհեր»։ Մեկ այլ օգտատեր էլ  այսպես է արձագանքել. «Ապրի։ Շարունակական լինի, մինչև այլանդակ քպ-ներին վռնդենք մեր երկրից»։ 

Անժելա Էլիբեգովային նույնպես իրավական պատասխանատվության կանչելու մասին տեղեկություն հայտնի չէ։ Ի դեպ, Էլիբեգովայի այս գրառմանն անդրադարձել էր Վլադիմիր Վարդանյանը Հ1-ով եթեր հեռարձակվող  «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։ «Ես ուզում եմ հասկանամ՝ եթե ինքնապաշտպանություն է (Մհեր Սահակյանի կողմից), ապա լավ լինելու, լավ պահելու, որևիցե եղանակով արարքը դրական գնահատելու առումով պիտի որ նման արձագանքներ չլինեին։ Մենք լսում ենք հետևյալը՝ լավ ա արել, ճիշտ ա արել, տենց էլ պետք ա լինի։ Որոշ չակերտավոր վերլուծաբաններ էլ ասում են՝ սա առաջին ծիծեռնակն ա, կոչ ենք անում, որ էլի շարունակվի։ Ես ուզում եմ հասկանալ՝ եթե այդ մարդը զոհ է, ես հարձակվել եմ իր վրա, ապա ինչու է ծափողջույններով դիտարկվում իր վարքագիծը»։ 

Հ.Գ. Իրավապահների ուշադրությունն ենք հրավիրում նաև նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի հանրային հետևյալ հայտարարությանը. վարչապետի վրա անձրևանոց նետելու մասին ֆեյսբուքյան հրապարակումներից մեկի տակ օգտատերերից մեկը մեկնաբանություն է գրել. «Այսօր անձրևանոց, վաղը նռնակ»։ «Օրհնյալ լինի էդ օրը»,-արձագանքել է  Նիկոլ Փաշինյանի օրոք Շիրակի փոխմարզպետ, ապաև պատգամավոր դարձած, պատերազմից հետո ԻՔ խմբակցությունից «թռած», Մանկավարժական համալսարանի իրավաբանական հոգեբանության բաժինն ավարտած  տիկին Հովսեփյանը։ 

 Ելենա Ազատյան