Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. չնայած պատգամավորը խոստացել էր կողմ քվեարկել դատախազի միջնորդությանը, այսօր, սակայն, չմասնակցեց քվեարկությանը

Մարտի 31-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեպքից հետո Մհեր Սահակյանը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։

Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով
(խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ուղարկել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին իր միջնորդագիրը: Երեկ արդեն դատախազը Ազգային ժողովում ներկայացրեց այդ միջնորդագիրը։ 

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերին, մասնավորապես՝ Աննա Վարդապետյանը մեջբերումներ արեց վկաների հարցաքննություններից և առերեսումներից, որոնցում վկա հանդիսացող իշխանական պատգամավորները պնդել են, որ Վլադիմիր Վարդանյանը նկատողություն է արել ներկա բոլոր պատգամավորներին և հորդորել վերադառնալ քննարկման օրակարգին։ Ընդդիմադիր վկա պատգամավորները ևս փաստել են, որ Վլադիմիր Վարդանյանը կոնկրետ որևէ մեկին դիտողություն չի արել, նրա դիտողություններն ուղղված են եղել բոլորին։ Միաժամանակ, սակայն, ընդդիմադիր պատգամավորները իրենց ցուցմունքներում նկարագրել են կարծեցյալ պաշտպանության իրավիճակ, իբր Վլադիմիր Վարդանյանը ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերել և շարժվել դեպի Մհեր Սահակյանը, ինչից հետո վերջինս հարվածել է Վարդանյանին։ 

Դեպքին ներկա է եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ևս թե՛ ցուցմունք է տվել, թե՛ առերեսվել։

Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կոտրված մկրատ, որի վրա եղել են արյան հետքեր, սակայն քննությամբ պարզվել է, որ արյան հետքերը պատկանում են հենց Սահակյանին։ 

Ապա ելույթով հանդես եկավ նաև Մհեր Սահակյանը, երևի առաջին անգամ այդ ամբիոնից։ Սահակյանը իր ելույթը սկսեց Հայաստանի և Արցախի գոյաբանական, անվտանգային խնդիրների առկայության մատնանշմամբ, ապա անցավ բուն թեմային։

Ապա, ըստ Սահակյանի, այդ պահին Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կենում, բղավում, որ կարող է երբ, ում վրա ուզի բղավի, մոտեցել է իրեն, որից հետո նա հարվածել է Վարդանյանին՝ զուտ ինքնապաշտպանական նկատառումներով։

Սահակյանն ասաց նաև, որ իր և իր փաստաբանների համար ակնհայտ է խուլիգանության հանցակազմ  կիրառելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քաղաքական իշխանության ձգտումը։

Պատգամավորը հայտարարեց, որ ինքը ևս կողմ է քվեարկելու դատախազի միջնորդությանը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե թաքնվում է անձեռնմխելիության քողի տակ։

Այսօր կայացած քվեարկությամբ 65 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ 

Ի դեպ՝ Սահակայնը չմասնակցեց քվեարկությանը, քանի որ մեկնել է Տեղ համայնք։ Այս մասին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։