Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուծումները գտնված են. Կարևոր է, որ այդ լարվածությունը չվերածվի այլ բնույթի. Անդրանիկ Քոչարյանը՝ այլընտրանքային ճանապարհի մասին

Լուծումները գտնված են. Կարևոր է, որ այդ լարվածությունը չվերածվի այլ բնույթի. Անդրանիկ Քոչարյանը՝ այլընտրանքային ճանապարհի մասին
Քաղաքականություն
13:55, 17 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ Civic.am-ի լրագրողը հետաքրքրվեց, թե ե՞րբ է լուծվելու ադրբեջանական ոստիկանական անցակետի հարցը և լուծվելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ. «Թե՞ մենք սովորելու ենք դրան, և իրանական բեռներն անընդհատ են այդ խնդիրներին բախվելու: Իրանական կողմի հետ քննարկում ունեցե՞լ եք, իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն այդ հարցով»:

Լրագրողն անդրադարձավ նաև երեկ տարածված լուրերին, թե Ռուսաստանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում որոշակի առաջընթաց կա, ինչին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Հայտարարվում է մի բան, որն արձանագրում է ստեղծված ընթացքի մասին»:

Ինչ վերաբերում է ճանապարհին առնչվող հարցին, Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց. «Այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, և այսօր էլ Կապանից դեպի Գորիս Տաթևով այդ հատվածը շահագործվում է: Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, հերթեր չկան կուտակված, բայց դա չի նշանակում, թե ճանապարհի խնդիրը լուծված է:

Ճանապարհի լուծման համար կառավարությունը որոշում կայացրեց 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին: Եթե մենք ժամանակին մեր ալտերնատիվային ճանապարհների խնդիրը լուծած լինեինք, հաշվի առնելով մեր անվտանգային ամբողջ համակարգերը... Արամ Վարդևանյանի բացատրությունը ես լսում էի, կապված մեր պետական սահմանի հետ, բայց կներեք, այդպիսի մեկնաբանություններ կարող են անել փաստաբանները: Ճանապարհները կկառուցվեն, բայց էլի ադրբեջանցիներն ինչ-որ լարվածություն կստեղծեն, և մեր խնդիրն է լուծումներ գտնել, և այդ լուծումները գտնված են, կարևոր է, որ այդ լարվածությունը չվերածվի այլ բնույթի»: