Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հունվարի 11-ի հայտարարության տրամաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հունվարի 11-ի հայտարարության տրամաբանությունից․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
11:52, 04 октябрь 2021
Մինչև այս պահը տարածաշրջանի կոմունիկացիաները բացված չեն, որովհետև երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հունվարի 11-ի հայտարարության տրամաբանությունից։ Այս մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ հիմա գործում է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ իր հերթին բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները բացվում են։ Ցավոք սրտի, մինչև այս պահը բացված չեն, որովհետև երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից։ Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն, պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին։ Ես հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։ Բայց այս ամենի կոնտեքստում ես ուզում եմ ընդգծել հումանիտար հարցը, որ էլի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց, ցավոք սրտի, վերադարձված չեն։ Եվ ես կարծում եմ, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, և տարածաշրջանային կոմունիկացիաների, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան»,- հավելեց նա։

Աղբյուր՝ lragir.am