Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում «Միութենական պետության» մասին օրակարգ չկա, դա ոչ մի կապ չունի ՀՀ-ի հետ, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չի ունեցել, բացի՝ նախագահի աթոռը զբաղեցնելուց»․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ Արթուր Ղազինյանին, անընդհատ, Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելով, Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պղտորել ներքաղաքական իրավիճակը։
 
 Վերջին օրերի ընթացքում էլ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ակտիվորեն հարցազրույցներ են տալիս, Սերժ Սարգսյանն էլ հնարավոր համարեց փողոցային պայքարի մեկնարկը՝ մանդատները դնելով հանդերձ։ 

 Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը հերթական՝ վերցերոդ անգամ անընդմեջ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

 Թե ինչո՞վ է բացատրվում նախկին նախագահների ակտիվությունը, փողոցային պայքար սկսելու մասին հայտարարությունները, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եթե իրենք փողոցային պայքարի շանս ունենային՝ փողոցում մնացած կլինեին։ Իրենք անընդհատ ուզում են, որպեսզի մեր երկիրն անընդհատ պրոբլեմների մեջ հայտնվի՝ թե՛ ներսում, թե՛ սահմաններին, թե՛ դրսում, որպեսզի իրենք կարողանան իրենց կորցրած իշխանության մասին հույսեր փափագել։ Իրենք շատ լավ գիտեն, որ երբեք ժողովրդի քվեով իշխանություն չեն ունեցել՝ ո՛չ ինքը, ոչ էլ՝ Սերժ Սարգսյանը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ եթե նախորդ նախագահները պայքարի շարունակության հեռանկար ունենային , ապա այն, ինչ պլանավորել էին նոյեմբերի 10-ին, որը իրենց բնույթն է, այդ ժամանակ կիրականացնեին իրենց բաղձալի հեղաշրջումը, սակայն այդ օրը հասկացան, որ իրենք ոտաբոբիկ են։ Իսկ նմանատիպ սցենար, ըստ Անդրանիկ Քոչարյանի, մեր երկիրն ունեցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։

«Իրենք էլ հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական երկնակամարում երբևիցե, որևէ ձևով հայտնվելու և իշխանության հասնելու հնարավորություն չունի, որովհետև բացակայում է ՀՀ քաղաքացին, մարդը, հայ մարդը։ Իսկ ՀՀ քաղաքացին ուզում է, որպեսզի ապրի իր երկրում, ապրի ապահով, անվտանգ, արարի և տեսնում է, որ մեր երկիրն ունի շանս խաղաղ ապրելու դարաշրջան մտնելու, իսկ իրենց գործողությունները, առավոտից երեկո միտված են մեր ներքին կայունությունը խաթարելուն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
 
 Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ պետք է ուսումնասիրի Հայաստանի՝ «Միութենական պետությանն» անդամագրվելու հնարավորությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում, թե ինչ բան է անկախությունը։

 «Այդ հարցը մի պատասխան ունի՝ ցանկացած պետություն պետք է լինի անկախ, որպեսզի տնօրինի իր երկրի ճակատագիրը։ Բայց քանի որ ինքը իր գիտակցության մեջ մնացել է որպես օտար, ինքն այդպես օտար էլ զգում է։ Եվ այդ օտարության սինդրոմն է, որ իրեն խանգարում է և միշտ էլ խանգարել է, որպեսզի իր ժողովրդի հետ խոսելուց լինի անկեղծ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ Հայաստանում նման օրակարգ չկա։ 

 «Դա ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չի ունեցել, բացի՝ նախագահի աթոռը զբաղեցնելուց», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը, թե Հայաստանը բանակցային սուբյեկտից վերածվել է բանակցային օբյեկտի և իշխանությունը գտնվում է ծնկած վիճակում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Հայաստանի իշխանությունը ո՞նց կարող է ծնկած վիճակում լինի, եթե իր հետևում ունի իր ժողովրդին։ Այ Ռոբերտ Քոչարյանը ծնկած եղել է, որովհետև մեր քաղաքացին երբեք նրան քվե չի տվել»։
 
 Անդրադառնալով Շուշիի ընկնելու և խրամուղիներ չփորելու Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը չի ապրում Արցախում։ Եթե ինքը, Սերժ Սարգսյանը այնտեղ ապրեին, իրենց կառավարման արցախյան ժամանակահատվածում և հետարցախյան ժամանակահատվածում՝ ամբողջական պատկերացում կունենային դավաճանների և դավաճանությունների մասին։ Ինչո՞ւ ինքը, իր ընտանիքի անդամները այնտեղ չեն ապրում, ինչո՞ւ իր բիզնեսներն այնտեղ չեն, իր երեխաների բիզնեսներն այնտեղ չեն և եթե խաղաղության օրակարգին դեմ է, այդ դեպքում, պատերազմի օրակարգի ի՞նչ հեռանկար է տեսնում։ Եթե ինքը խոսում է դավաճանության մասին, ապա ես էլ հարցնում եմ՝ ինչո՞ւ Արցախում չես ապրում։ Ապրեիր Արցախում, ինքդ քո այնտեղ գտնվելով ամեն օր մասնակից լինեիր այդ խրամուղիների և առաջնագծի ինժեներական կահավորմանը»։
 
Մանրամասները՝ տեսանյութում: