Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չպետք է ասել՝ վայ, 2021թ. սեպտեմբերի 26-ի թեստը չանցաք, ուրեմն շնորհակալություն, ցտեսություն. Պետք է նրանց տրվի 2-րդ, 3-րդ հնարավորություն. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մանրամասներ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:

Նախարարը նշեց, որ 966 ատեստավորված ուսուցիչներից ատեստավորումն անցել է 468-ը, 538 ուսուցիչներ չեն հաղթահարել շեմը:
Այս առնչությամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հետաքրքրվեց. «Ատեստավորումը չանցած որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ եթե նախատեսված չէ, արդյոք չարժե՞ ակնհայտ ցածր արդյունքներ գրանցած ուսուցիչների համար բացասական հետևանքներ առաջացնել»:

Արձագանքելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջնարդյունքում իհարկե բացասական հետևանքներ կլինեն. «Բայց մենք չպետք է ասենք՝ վայ, էս թեստը չես անցել, ուրեմն վերջ: Մարդիկ պետք է ունենան 2-րդ, 3-րդ, գուցե նաև 4-րդ հնարավորությունը, որից հետո արդյունքները կամփոփենք: Եվ, իհարկե, որակավորումը չհաստատած որևէ ուսուցիչ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իրենք մեր երեխաների կրթության հետ են առնչվում: Բայց մենք հիմա չենք կարող ասել, և տրամաբանական էլ չի լինի ասել՝ վայ, 2021թ. սեպտեմբերի 26-ի թեստը չանցաք, շնորհակալություն, ցտեսություն: Հաստատ կլինեն նաև 2-րդ, 3-րդ փորձ»:

Նախարար Դումանյանն էլ նկատեց, որ ոչ միայն չի կարելի բացասական վերաբերմունք դրսևորել ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ, այլև պետք է ողջունել նրանց մասնակցությունը. «Էստեղ հարց է առաջանաում չմասնակցածների մասին՝ ինչու չեն ձգտում մասնակցել: Ինձ մտահոգում են ոչ թե մասնակցած չանցածները, այլ նրանք, ովքեր մասնակցելու ցանկություն չեն դրսևորել»: