Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախընտրական Գյումրիում Շիրակի մարզպետն ավելի քիչ գումար է հատկացրել քաղաքացիներին, քան մարզի մյուս ղեկավարները

Նախընտրական Գյումրիում Շիրակի մարզպետն ավելի քիչ գումար է հատկացրել քաղաքացիներին, քան մարզի մյուս ղեկավարները
Քաղաքականություն
19:03, 28 октябрь 2021
Գյումրիում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունից օրեր առաջ լրատվական որոշ կայքեր հրապարակեցին, որ Շիրակի մարզպետ, Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը 48 կարիքավոր քաղաքացու գումար է հատկացրել։ Գումարի տրամադրումը ֆեյսբուքյան որոշ օգտատերեր համարեցին ընթադրյալ ընտրակաշառք եւ սկսեցին նաեւ մեղադրանքներ հնչեցնել։

Խոսքը վերաբերում էր հոկտեմբերի մեկին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի կայացրած որոշմանը։ Որոշման համաձայն՝ Շիրակի մարզպետը 48 քաղաքացու ընդհանուր, որպես դրամական աջակցություն, հատկացրել էր 1 մլն 775 հազար դրամ։ Նվազագույն գումարը եղել է 20 հազար, իսկ առավելագույնը՝ 150 հազար դրամը։ 48 քաղաքացուց 6-ն ունեցել են Արթիկի եւ հարակից համայնքների հաշվառումներ, մյուսների փաստացի հաշվառումը եղել է Գյումրիում։

Ընտրության օրը՝ հոկտեմբերի 17-ին, ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանը լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել էր, որ ինքը կարիքավորներին դրամական աջակցություն հատկացնելը չի համարում կոռուպցիոն ռիսկեր եւ այն ընտրակաշառք չէ, ընդամենը հերթական անգամ դրամական աջակցություն է։
«30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ մեզ դիմել են, աջակցություններ են ստացել։ Թող մարդիկ մտածեն 30 տարի մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին։ Դուք խառնում եք ամեն ինչ իրար, ոնց որ ասենք թոշակ են ստացել հոկտեմբերի 1-ին, պիտի գնան, իշխող ուժին ընտրեն, ծիծաղելի է», -ասել էր Հովհաննես Հարությունյանն ու ընդգծել՝ ինքը հակտացրել է դրաամական աջակցություն, ոչ թե կաշառք։
«Ասպարեզը», որը դեռ 2013 թվականից է ուսումնասիրում մարզպետարաններից, համայնքապետարաններից քաղաքացիներին հատկացվող դրամական աջակցությունների համակարգն ու գումարի տրամադրման ընթացակարգը, փորձել է պարզել, թե 2018, 2019, 2020, 2021 թվականներին (2021 թվականը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ, քանի որ դրանից հետո մարզպետի որոշմամբ քաղաքացիներին դրամական աջակցություն հատկացնելու որոշում չկա) Շիրակի մարզպետները ընդհանուր քանի՞ քաղաքացու են դրամական աջակցություն հատկացրել, որքա՞ն է կազմել հատկացված ընդհանուր տարեկան գումարը․ համեմատվել է նաեւ, թե 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն իսկապե՞ս ավելի շատ գումար է հատկացրել մեծ թվաքանակով մարդկանց։

«Ասպարեզն» հետազոտությունն իրականացրել է՝ հիմք ընդունելով Շիրակի մարզպետարանի «Իրավական ակտեր» ենթաբաժնի «Մարզպետի որոշումներ» էջում հրապարակված դրամական աջակցությունների հատկացման մասին որոշումները։ 

Շիրակի մարզպետարանը, ի տարբերություն որոշ մարզպետարանների, կանոնակարգված հրապարակում է դրամական աջակցություն ստացած քաղաքացիների ցուցակնեերը՝ ներառելով նրանց հաշվառման հասցեները, անուն-ազգանունները, հատկացված դրամական աջակցության գումարների չափերը՝ ընդհանուր եւ ըստ առաձին քաղաքացիների։ Դեռ նախորդ տարիներին մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մարզպետարաններից համեմատաբար ավելի շատ եւ հաճախակի դրամական օգնություն ստանում են մարզկենտրոնների (Շիրակի դեպքում՝ Գյումրու բնակիչները), քան գյուղական կամ քաղաքային մյուս համայնքների բնակիչները։

Այսպես՝

2021 թվականի հունվարի մեկից մինչեւ նույն թվի հոկտեմբերի մեկը ներառյալ Շիրակի մարզպետի որոշմամբ մարզի 704 բնակիչ պետական բյուջեից ընդհանուր ստացել է 20 մլն 170 հազար ՀՀ դրամ աջակցություն։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույնը՝ 150 հազար ՀՀ դրամ։

2020 թվականի հունվարի մեկից մինչեւ նույն թվի դեկտեմբերի 31-ը Շիրակի մարզպետի որոշմամբ մարզի 1120 բնակչի պետական բյուջեից ընդհանուր հատկացվել է 30 մլն 170 հազար ՀՀ դրամ աջակցություն։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույնը՝ 150 հազար դրամ աջակցություն։

2019 թվականի հունվարի մեկից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 31-ը Շիրակի մարզպետը պետական բյուջեից քաղաքացիներին դրամական օժանդակության հատկացման 21 որոշում է կայացրել։ Համաձայն այդ որոշումների՝ մարզի 1334 բնակչի նույն ժամանակահատվածում ընդհանուր հատկացվել է 29 մլն 910 հազար ՀՀ դրամ։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, առավելագույնը՝ 150 հազար դրամ։

2018 թվականի հունվարի մեկից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 31-ը Շիրակի մարզպետը քաղաքացիներին պետական բյուջեից դրամական աջակցության հատկացման 21 որոշում է կայացրել։ Նույն ժամանակահատվածում նշված որոշումների համաձայն դրամական օգնություն է ստացել 1195 քաղաքացի։ Նրանց ընդհանուր հատկացվել է 37 մլն 35 հազար ՀՀ դրամ։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույնը՝ 300 հազար դրամ։

Առավելագույն գումար հիմնականում ստացել են պատերազմի կամ խաղաղ պայմաններում Արցախում զոհված շիրակցի զինծառայողների ընտանիքները, նաեւ հրդեհից, աղետից տուժած անձինք։

Ինչպես պարզ է դառնում վիճակագրության տվյալներից, Շիրակի գործող մարզպետը համեմատաբար քիչ գումար է հատկացրել դրամական աջակցության նպատակով, նաեւ այդ աջակցությունից ավելի քիչ թվով քաղաքացիներ են օգտվել։

Ըստ 3 ամիսների
«Ասպարեզը» նաեւ ուսումնասիրել է 2018-2021 թվականների օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամիսներին Շիրակի մարզպետի որոշմամբ քաղաքացիներին դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ որոշումները՝ պարզելով, թե մարզպետները նույն այս ժամանակահատվածում ինչպե՞ս են ծախսել պետական միջոցները եւ արդյո՞ք Շիրակի գործող մարզպետը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ավելին է հատկացրել։

Այսպես

2021 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Շիրակի մարզպետը քաղաքացիներին դրամական աջակցության հատկացման վերաբերյալ կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջեից, մարզպետի որոշմամբ, 4 մլն 10 հազար դրամ դրամական աջակցություն է ստացել ընդհանուր 115 քաղաքացի։ Հատկացված գումարի նվազագույն չափը եղել է 20 հազար, իսկ առավելագույնը՝ 150 հազար ՀՀ դրամ։

2020 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Շիրակի մարզպետը քաղաքացիներին դրամական օժանդակության տրամադրման 4 որոշում է կայացրել։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջեից, մարզպետի որոշմամբ, դրամական օժանդակություն է հատկացվել 235 քաղաքացու։ Հատկացված ընդհանուր գումարը եղել է 6 մլն 55 հազար ՀՀ դրամ։ Քաղաքացիներին նվազագույնն հատկացվել է 20 հազար, առավելագույնը՝ 100 հազար ՀՀ դրամ աջակցություն։

2019 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Շիրակի մարզպետը քաղաքացիներին դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ 6 որոշում է կայացրել։ Այդ ընթացքում պետական բյուջեից Շիրակի մարզից 352 քաղաքացի է աջակցություն ստացել։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույն գումարը՝ 100 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածում հատկացված ընդհանուր դրամական աջակցությունը եղել է 8 մլն 600 հազար ՀՀ դրամ;

2018 թվականին Շիրակի մարզպետը օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին 4 որոշում է կայացրել քաղաքացիներին դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ։ Այդ ընթացքում պետական բյուջեից, մարզպետի որոշմամբ, դրամական աջակցություն է ստացել Շիրակի մարզի 338 բնակիչ։ Հատկացված աջակցության նվազագույն գումարը եղել է 15 հազար, իսկ առավելագույնը՝ 100 հազար ՀՀ դրամ։ Նույն ժամանակահատվածում 338 քաղաքացուն պետական բյուջեից Շիրակի մարզպետը քաղաքացիներին ընդհանուր հատկացրել է 8 մլն 645 հազար ՀՀ դրամ։

Այս թվերն ապացուցում են, որ նախընտրական ամիսներին Շիրակի գործող մարզպետն ավելի քիչ գումար՝ 1,5-2 անգամ պակաս է հատկացրել դրամական աջակցության տրամադրմանը, ի տարբերություն նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գործող մարզպետների։ Շիրակի գործող մարզպետը նաեւ նախընտրական ամսում 2-3 անգամ ավելի քիչ քաղաքացիների է հատկացրել գումար, քան նույն ժամանակահատվածում մյուս մարզպետները։

Այս հետազոտությունից բացի, «Ասպարեզը» նաեւ փորձել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից փաստաթղթային մասով տեղեկանալ, թե, մասնավորապես, հոկտեմբերի 1-ին Շիրակի մարզպետի որոշմամբ դրամական աջակցություն ստացած քաղաքացիները մասնակցե՞լ են Գյումրու ՏԻՄ ընտրությանը, քվեարկություն կատարե՞լ են, թե՞ ոչ։ Սակայն պարզեցինք, որ քվեարկություն կատարող քաղաքացիների ցուցակներ ՏԻՄ ընտրությունների դեպքում ԿԸՀ-ը չի հրապարակում։ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր «Ասպարեզի» հետ զրույցում հաստատեց, որ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայքում միայն համապետական ընտրությունների դեպքում։

Ինչեւէ, հետազոտությամբ պարզ է դառնում, որ նախընտրական ամիսներին Շիրակի գործող մարզպետն ի տարբերություն նույն մարզի նախորդ ղեկավարների, քիչ թվով քաղաքացիների եւ ավելի քիչ գումար է հատկացրել։

Ուսումնասիրված մյուս տարիներին՝ 2018-ին, 2019-ին, 2020 թվականին Գյումրիում ՏԻՄ հերթական կամ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել։

Նշված ժամանակահատվածներում Շիրակն ունեցել է 4 մարզպետ՝

Արթուր Խաչատրյան՝ 2017 թվականի հունիսից մինչեւ 2018 թվականի մայիսի 4
Կարեն Սարուխանյան՝ 2018 թվականի հունիսի մեկից -2019 թվականի հունվար
Տիգրան Պետրոսյան՝ 2019 թվականի փետրվարի 6-ից մինչեւ 2021 թվականի հունվար
Հովհաննես Հարությունյան՝ 2021 թվականի հունվարի 21-ից մինչեւ այսօր:

Աղբյուր՝ asparez.am