Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկաներ ու նախկիններ. ո՞ր քաղաքական ուժերն են առաջադրվել Գեղարքունիքի մարզում, և ինչպիսի մրցապայքար է սպասվում

Ներկաներ ու նախկիններ. ո՞ր քաղաքական ուժերն են առաջադրվել Գեղարքունիքի մարզում, և ինչպիսի մրցապայքար է սպասվում
Քաղաքականություն
18:27, 01 ноябрь 2021
Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները բավական մեծ աժիոտաժ են առաջացրել հանրապետությունում։ ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու փաստը քաղաքական դաշտ է նետել գրեթե բոլոր կուսակցություններին։ Հընթացս այդ նպատակով ստեղծվել են նորերը։

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք անցնում են բավական լարված և մրցակցային մթնոլորտում։
Նույնպիսի ընտրություններ կանխատեսվում են նաև հաջորդիվ։

Թեժ է լինելու համայնքների մեծ մասում։ Այսօր առանձնացրել ենք Գեղարքունիքի մարզը և մասնակից քաղաքական ուժերին։
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում ՏԻՄ ընտրություններ են միանգամից 4 համայնքում՝ Գավառում, Սևանում, Մարտունիում և  Վարդենիսում։

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Գավառում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք քաղաքական ուժ՝ «Մեր Հայաստանը» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։

Գուրգեն Մարտիրոսյանը համայնքի գործող ղեկավարն է, անկուսակցական է, սակայն նրան այս ընտրություններին սատարում են նախկինները։ Նա Գավառի քաղաքապետն է 2005 թ-ից և «7-ի գործով» հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի ազգականն է։ 

Ինքը՝ Մարտիրոսյանը, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ընդհուպ նաև այն հարցին, թե որ քաղաքական ուժերն են ընդգրկված իր անվանական դաշինքում: «Քարոզը կսկսվի, կգաք Քյավառ, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Իսկ մինչ այդ ասեմ, որ ինձ սատարում է ժողովուրդը, քյավառցին, մեր ռայոնի ժողովուրդը։ Ուրիշ բաներ մի փնտրեք»,- ասաց Մարտիրոսյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ 

Ավելի ուշ քաղաքապետի մամուլի խոսնակից պարզեցինք, որ «Մարտիրոսյան» դաշինքում ընդգրկված են «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցությունները։ Եթե «Քաղաքացու որոշում» կուսակցությանը հանրությունը ծանոթ է, ապա «Արդարությանը»՝ ոչ այնքան։ Կուսակցության նախագահը Արթուր Բալոյանն է։ Այս երկու կուսակցությունն այսօր հուշագիր են կնքել Գավառ, Արթիկ և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններին միասնաբար հանդես գալու համար:

Գավառում ՔՊ թեկնածուն Նարեկ Գրիգորյանն է։

Սևանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցելու են գործող համայնքապետի անվամբ ստեղծված «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, ՀՅԴ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը։ Սարգիս Մուրադյանը, ով համայնքի գործող ղեկավարն է, թեև ՀՀԿ-ական է, սակայն այս անգամ նրան սատարելու է գործող իշխանությունը։ Ասում են՝ Սևանում նրան սիրում են։

Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արձակուրդում է, դեռ քարոզարշավը չի սկսել, և նախընտրական եռուզեռ չկա։ «Նախընտրական պրոցեսները սկսվում են քարոզարշավի պաշտոնական մեկնարկից։  Այդ  ժամանակ զանգեք՝ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց նա։

Մեր հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ական լինելով որոշեց իշխող ուժի աջակցությամբ մասնակցել ընտրություններին, Մուրադյանը պատասխանեց. «Կուսակցական լինել-չլինելով չի որոշվում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոշում կա, մենք որոշել ենք «Սարգիս Մուրադյան» դաշինքով առաջադրվել։ Մնացած հարցերը թող մնան հետոյի։ Ինձ շատ ուժեր են սատարում, որևէ խնդիր չեմ տեսնում սատարելու մեջ։ Համայնքի ղեկավար ենք առաջադրվել, շատ ուժեր հնարավոր է՝ պաշտպանեն ինձ։ Քարոզարշավը կսկսվի, ամեն ինչի ականատես կլինեք»։

ՀՀԿ-ի մեջ խանդ չի՞ առաջանա, որ իշխանությունը ձեզ սատարի՝ հարցրինք: «Ես չեմ կարող ասել։ Որևէ խնդիր չկա։ Նորմալ եմ համարում։ Մնացած հարցերը՝ հետո»,- ասաց Սարգիս Մուրադյանը։

Ուշագրավ է, որ բացի ՀՀԿ-ական համայնքի ղեկավարից, շատ ՀՀԿ-ականներ էլ են հանգրվանել ավագանու ցուցակում։ 
Սևանում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Աշոտ Նադարյանն է։

Մարտունիում ամենաշատ քաղաքական ուժերն են ներգրավվել ընտրապայքարում։ Մասնավորապես, ընտրություններին մասնակցում են «Լուսավոր Հայաստան», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Ալաշկերտ» և «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։

Վարդենիսում մրցակցելու են «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ն այստեղ պաշտպանելու է գործող համայնքապետ Արամ Մելքոնյանի թեկնածությունը։
 
Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է։ Այս դաշինքում ընդգրկված է երկու քաղաքական ուժ՝ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանքը» և խորհրդարանական ընտրություններին Քոչարյանին սատարած «Համերաշխություն» կուսակցությունը։ 

Ահարոն Խաչատրյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։