Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդգես Սամսոնյանն ասաց, որ երդվելիս զգաց Աստծո ներկայությունն ու օրհնությունը․ Գյումրու նորընտիր քաղաքապետը ստանձնեց պարտականությունները

Վարդգես Սամսոնյանն ասաց, որ երդվելիս զգաց Աստծո ներկայությունն ու օրհնությունը․ Գյումրու նորընտիր քաղաքապետը ստանձնեց պարտականությունները
Քաղաքականություն
15:06, 04 ноябрь 2021
Գյումրու նորընտիր քաղաքապետը ստանձնեց պարտականությունները:

Քիչ առաջ տեղի ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալման արարողությունը։

Նրա վզին լանջաշղթան կախեց Գյումրու նախկին փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, իսկ խորհրդանշական բանալին հանձնեց «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանը։ Քաղաքապետը, ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի վրա, երդվեց աշխատել` ի բարօրություն գյումրեցու, ապահովել նրանց բարեկեցիկ կյանքով, պաշտպան կանգնել իր քաղաքացիների իրավունքներին։ 

Երդմնակալությունը սկսվեց ՀՀ օրհներգով, ավարտվեց Գյումրու օրհներգով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փոխարեն՝ օրհնության խոսք հնչեցրեց տեր Վարուժանը` հույս հայտնելով, որ գյումրեցին` հանձին քաղաքապետի, կզգա, որ ինքը տեր ունի, և քաղաքապետը գիշերը ցերեկ կդարձնի գյումրեցիների խնդիրները լուծելու համար։

Երդմնակալության արարողությունը շատ կարճ տևեց. այսօր պաշտոնից ազատված Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը չէր մասնակցում, թեև պաշտոնական հրավեր ուներ, չէին մասնակցում նաև ավագանու «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչները։ Արարողությանը եկել էր նորընտիր քաղաքապետի որդիներից մեկը։

Վարդգես Սամսոնյանը  «Առավոտ»-ի հետ  զրույցում ասաց, որ երդվելիս զգաց Աստծո ներկայությունն ու օրհնությունը։