Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քոչարյանին այդ ամենը ասել եմ իր առջև նստած, երբ նախագահ էր». 1in.am

«Քոչարյանին այդ ամենը ասել եմ իր առջև նստած, երբ նախագահ էր». 1in.am
Քաղաքականություն
11:34, 10 ноябрь 2021
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը համազգային դիմադրության շարժում սկսելու մասին է հայտարարել, այդ թվում Արցախում և Սփյուռքում: Ինչպե՞ս եք գնահատում նման կոչերը, երբ նաև Սփյուռքին են փորձում ներքաշել ներհայաստանյան զարգացումների մեջ:

-Ես այսպիսի լուրջ ազգային հարցերին  չեմ մոտենում զգացական ձևով: Ես ավելի շատ ուզում եմ սառնասիրտ մոտենալ՝ առանց զգացմունքների: Երբ խոսում են Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի տեսակետների մասին, այդ երեք տեղերում էլ կան ամեն տեսակի մարդիկ, որոնք տարբեր բաներ են մտածում: Կան մարդիկ, որ հավանում են Քոչարյանին, կան մարդիկ, որ ատում են նրան, կան մարդիկ, որ հավանում են Փաշինյանին և կան մարդիկ, որ ատում են նրան:

-Այսինքն՝ Սփյուռքը միատարր չէ։

 –Որևէ մեկը չի կարող ասել, որ ամբողջ Սփյուռքն այսպես է մտածում, կամ այնպես է մտածում: Եվ քանի որ ընդհանուր հարցախույզ չկա՝  իմանալու համար, թե Սփյուռքում որ հատվածն է ավելի մեծ, այդպիսի բան չենք կարող իմանալ: Նորմալ ժողովրդավարական երկրներում ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու թե իր հարցազրույցներով, հայտարարություններով, թե քայլերթերով ու ցույցերով: Այնպես որ, շատ նորմալ է, որ այդ եղանակներով մարդիկ իրենց կարծիքն են հայտնում: Մանավանդ, որ Հայաստանում էլ արդեն վաղուց մարդիկ հանգիստ քայլերթեր են անում, ցույցեր են անում և արտահայտում են իրենց կարծիքը այս կամ այն անձի կողմ կամ դեմ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ որևէ մեկը կոչ է անում Սփյուռքի կամ Հայաստանի բնակիչներին՝ սա անենք, նա անենք, էս մեկին տապալենք, էն մյուսին աջակցենք: Դա ամեն մարդու իրավունքն է: Միակ բանը, որին ես դեմ եմ, դա այն է, որ որևէ մեկը ծայրահեղ քայլերի չդիմի, արյունահեղություն չլինի: Դա ինձ համար շատ ծանր հրված կլինի հայությանը: Մի բան է, որ մենք հազարավոր զինվորներ կորցրինք մեր թշնամիների պատճառով, ուրիշ բան է, որ հիմա ելնենք ու իրար հարվածենք, վնասենք կամ նույնիսկ սպանենք: Մենք մի բուռ ժողովուրդ ենք, այդ շռայլությունը մեզ չենք կարող թույլ տալ, ասելով՝ ոչինչ, մի քանի հոգի էլ  պակաս կլինի: Արդեն իսկ քիչ ենք, և պետք է ամեն մի հայի կյանքի վրա գուրգուրալ: Ես դեմ չեմ, որ ցույցեր լինեն, երթեր լինեն, գաղափարների բախումներ լինեն, ժամանակի ընթացքում կերևա, թե ժողովուրդը ավելի շատ ում է հարում: Ի վերջո, իշխանությունը մի հատ է, իսկ ընդդիմությունը բազմազան է, կան տարբեր ուժեր, խմբեր, որոնք միահամուռ չեն: Ուրեմն թող ամեն մեկն իր կարծիքը հայտնի, բողոքի, ցույցեր անի, հոդվածներ գրի, և թող ժողովուրդը որոշի, թե ում կտա իր քվեն: Այդ թվեն էլ մնայուն մի բան չէ, անընդհատ փոխվում է: Օրինակ, հունիսի 20-ին վարչապետի կուսակցությունն ստացավ 54 տոկոս քվե, իսկ ընդդիմությունը՝ 21 տոկոս: Վարչապետն անընդհատ ասում է, որ ինքը այս է անելու, այն է անելու, քանի որ ժողովուրդն իրեն ընտրել է: Շատ լավ, բայց հունիսի 20-ից ի վեր տեղի ունեցան տեղական ընտրություններ, որտեղ մի քանի քաղաքներում, այդ թվում Գյումրիում, ՔՊ-ն չշահեց: Սա օրինակ է, որ ժողովրդի կարծիքը նույնը չի մնում, փոխվում է ժամանակի ընթացքում: Առաջիկայում ևս կան ՏԻՄ ընտրություններ, կհետևենք, կտեսնենք արդյունքները: Եթե այդ ընտրությունների արդյունքներն էլ լինեն այնպիսին, ինչպիսին եղավ, ասենք, Գյումրիում, այդ ժամանակ հետևություններ կանենք, թե ժողովրդի քաղաքական նախասիրությունը դեպի ուր է գնում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։