Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ժամկետներում և ո՞ր ճանապարհները կարող են ապաշրջափակվել․ հարց վարչապետին

Այսօր`կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչն է խոչընդոտում, որպեսզի մենք արդեն խոսենք կոնկրետ բանաձևերի մասին, թե ինչ ժամկետներում և որ ճանապարհները կարող են ապաշրջափակվել՝ նկատի ունենալով, որ արդեն տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի ութ հանդիպում, որտեղ քննարկվել են բոլոր տեխնիկական հարցերը։  

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց․

«Իրականում մի պահ մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք լուծմանը և ինչ նկատի ունենք մենք, կամ որն է մեր մոտեցումը։ Մեր ընկալումը հետևյալն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում, Ադրբեջանի արևմտյան շրջանները, ինչպես գրված է, պետք է տրանսպորտային հաղոդակցություն ստանան Նախիջևանի հետ, երկաթուղային և ավտոմոբիլային, ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք Ադրբեջանի տարածքով ԻԻՀ-ի հետ ավտոմոբիլային ճանապարհ ունենալու անհրաժեշտություն չունենք և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն՝ Ադրբեջանի տարածքով՝ ՌԴ-ի հետ»։

Նա նշեց, որ այստեղ կարևոր է նաև, որ Ադրբեջանը, եթե ՀՀ տարածքով Նախիջևանի հետ է հաղորդակցություն ստանում, նաև Թուրքիայի հետ է հաղորդակցություն ստանում և այստեղ բալանսի խախտում ամենևին չկա։

Խոսելով նաև այն մասին, թե ինչն է պատճառը, որ թվում էր, թե մոտ ենք լուծմանը, բայց այդ լուծումը չստացվեց, վարչապետն ասաց հետևյալը․

«Որովհետև պարզվեց, որ Ադրբեջանը, հաղորդակցության ուղիներ բացել ասելով նկատի ունի օրինակ՝ հաղորդակցության բացումը Գորիսի և Կապանի միջև՝ Ադրբեջանի տարածքով։ Այստեղ պրոբլեմն այն է, որ մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք, ըստ էության չունենք, որովհետև դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է։ Մենք նաև հիմա նոր ճանապարհ ունենք՝ Երևան-Կապան և առաջիկա ամիսների ընթացքում, ինչքան էլ դա հիմա կարճաժամկետ բարդություններ կստեղծի, մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ և՛ Ճակատենի համար, և՛ Որոտանի, և՛ Բարձրավանի, և Շուռնուխի համար, և՛ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ կունենանք։

Այսինքն՝ պատճառը, որ այս իրավիճակը չի լուծվել, այն է, որ Ադրբեջանը, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու համատեքստում նկատի է ունենում Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն այնպիսի բանաձևերով, ինչպես օրինակ՝ Կապան-Գորիս գոյություն ունեցած հատվածն է։ Եվ այս մեկնաբանությունն ուղղակի կապ չունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տեքստի հետ»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։