Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով արդարացված նախկին քաղբանտարկյալ Արարատի քաղաքապետի ՔՊ թեկնածուն կարևորում է քաղաքի գործարանների անվտանգ աշխատանքը․ Տեսանյութ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Արարատում ընտրություններին մասնակցելու են հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություննները։

Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ավետիսյանի հետ։

Նշենք, որ Ասլան Ավետիսյանը Արարատի ներկայիս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նշենք նաև, որ նա 2008 թվակաանի մարտյան դեպքերից հետո ապօրինի կալանավորվել էր, ինչպես այդ օրերի շատ քաղբանտարկյալներ, վեց ամիս մնացել է կալանքի տակ, իսկ վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանը ճանաչել է նրա անմեղությունը։

Հարցին, թե ո՞րն է լինելու առաջին խնդիրը, որը քաղաքապետ դառնալուց հետո  Ասլան Ավետիսյանը պատրաստվում է  լուծել, նա ասաց, որ կան մի քանի կարևորագույն խնդիրներ, որոնցից մեկն այն է, որ Արարատում գործող գործարանների պատճառով առաջացած բնապահպանական խնդիրների հետևանքով  Արարատում և շրջակա  գյուղերում, հանրապետության միջին ցուցանիշներով, մոտ երեք անգամ  բարձր է ուռուցքով հիվանդների քանակը։  

«Հիմա ճշգրտում ենք, թե որ գործարանից ինչ հիվանդություններ են առաջանում, բայց ունենք գործարաններ,  որոնց հետ համագործակցում ենք։ Հիմա Արարատ քաղաքում  երեք ամիսը մեկ չորս կետերում կատարվում է հողի և ջրի մոնիտորինգ»,- ասաց Ասլան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք չեն ցանկանում փակել գործարանների ճանապարհը, այլ համագործակցելով՝ խնդրին լուծում տալ։ 
Նա նշեց, որ երկրորդ կարևոր խնդիրը բնակարանների խնդիրն է, որոնք պետք է կառուցվեին դեռ Սովետական Միության ժամանակ, բնակիչների հետ կնքվել են պայմանագրեր, բայց այդ շենքերը չեն գործարկվել, և բնակիչները հայտնվել են շատ վատ պայմաններում. եթե այդ շենքերը վերակառուցվեն, այս մարդիկ կստանան իրենց բնակարանները։

Խոսելով նաև մրցակից թեկնածուների մասին՝ Ասլան Ավետիսյանն ասաց, որ ինքը բոլորի հետ էլ ունի նորմալ հարաբերություններ և կողմնակից է քաղաքակիրթ քարոզարշավ տանելուն, առանց որևէ մեկին վատաբանելու, քանի որ բոլորն էլ մի համայնքի բնակիչներ են և պետք է այնպես անեն, որ դեկտեմբերի վեցից հետո կարողանան իրար աչքերի մեջ նայել։

Լիլիթ Թադևոսյան