Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա Ալիևի կապրիզն էր․ նա խնդիրներ ունեցավ Բրյուսելում՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը․ Անուշ Բեղլոյան. factor.am

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն է

-Տիկի՛ն Բեղլոյան, ի վերջո՝ ի՞նչ որոշում է կայացվել Բրյուսելում ապաշրջափակման հարցով։ Իլհամ Ալիևը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում: Ըստ նրա՝ ներկայում քննարկում են այդ միջանցքների՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը։ Ի՞նչ է կատարվում դիվանագիտական հարթությունում։

-Պետք է արձանագրենք, որ և՛ Մոսկվայում, և՛ եվրոպական այս այցի ժամանակ պարզ դարձավ, որ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական տարբեր միավորներ, ինչպիսիք են ՌԴ-ն և ԵՄ-ն, չեն կարող համակերպվել և հանդուրժել ագրեսիվ ու ոչ կառուցողական մոտեցումները։ Չնայած, իհարկե, բանակցությունների վերաբերյալ միշտ սատարող հայտարարություններ են անում, այնուամենայնիվ, Ալիևի այսպիսի ցավագին հարցազրույցները և հայտարարությունները՝ միջանցքային տրամաբանությունը և մեթոդները, չեն կարող հավանության արժանանալ տարբեր միջազգային դերակատարների կողմից։ Ալիևն իր այդ հայտարարությամբ փորձեց արդարանալ և բացատրել միջազգային հանրությանն ու այն ուժերին, որոնք, ես համոզված եմ, իրեն վարագույրի հետևում բացատրել են, որ անթույլատրելի է սպառնալիքներով այդպիսի պահանջներ դնել, և ես այդ հայտարարությունը համարում եմ արդարացման և բացատրության փորձ։