Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոյեմբերյանում «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչները ինքնագլուխ և կուսակցության հետ չհամաձայնեցված որոշում են կայացրել և այլևս որևէ կապ չունեն կուսակցության հետ». Արման Բաբաջանյան

«Նոյեմբերյանում «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչները ինքնագլուխ և կուսակցության հետ չհամաձայնեցված որոշում են կայացրել և այլևս որևէ կապ չունեն կուսակցության հետ». Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
13:41, 21 декабрь 2021
Նոյեմբերյանում «Ապրելու երկիր» ու «Հանուն Հանրապետության» կուսակցությունների փաստացի կոալիցիայի արդյունքում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը: Աղաբաբյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 12, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Աբազյանին  ավագանու 9 անդամ ձայն տվեց: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիրն» ու «Հանուն Հանրապետության» կուսակցությունները ավագանու 6-ական, իսկ ՔՊ-ն 9 մանդատ էին ստացել:

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Civic.am-ին հայտնեց, որ այս որոշումը համաձայնեցված չի եղել կուսակցության վերադաս մարմնի հետ, և այդ քայլին Նոյեմբերյանի իրենց ներկայացուցիչները գնացել են ինքնագլուխ և այլևս որևէ կապ չունեն կուսակցության հետ։ Բաբաջանյանը սա նաև անբարոյականություն որակեց՝ նշելով, որ կուսակցությունը այդ թիմին ոչ միայն առաջադրել է, այլև ցուցաբերել ֆինանսական, մեդիա և քարոզչական աջակցություն, սակայն ընտրություններից հետո ցուցակում ներառված մարդիկ այլևս չեն ենթարկվում կուսակցությանը և այլևս չեն ներկայացնում այն։

Ավելի ուշ նաև հայտարարություն տարածվեց, որ «Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհուրդը հավատարիմ մնալով իր ավելի վաղ արված հայտարարություններին, առ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ է համագործակցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձն ու վերարտադրությունը մերժող, բացառապես գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերի հետ, վերահաստատում է իր դիրքորոշումը։ 

Այսու հայտնում ենք, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր կայացած ավագանու նիստում Հանուն Հանրապետության խմբակցության քվեարկությունը համաձայնեցված չի եղել կուսակցության Քաղաքական խորհրդի հետ»: