Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն մարդը, որը հիմա ասում է` ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ էր գրում, թե պատրաստ է մտնել ՔՊ, եթե ԱԺ ցուցակում անցողիկ տեղ տան․ անցողիկ տեղ չտվեցին, պարզվեց ՔՊ-ն ՀՀԿ է»․ Արմեն Գալջյան

«Այն մարդը, որը հիմա ասում է` ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ էր գրում, թե պատրաստ է մտնել ՔՊ, եթե ԱԺ ցուցակում անցողիկ տեղ տան․ անցողիկ տեղ չտվեցին, պարզվեց ՔՊ-ն ՀՀԿ է»․ Արմեն Գալջյան
Քաղաքականություն
15:53, 22 декабрь 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը իր ելույթում նշեց, որ ինքը իր նախորդ խոսքը կառուցել է բարիդրացիական տոնով ու շեշտադրումներով և ափսոսանք հայտնեց, որ Մարությանի ելույթը ստիպում է մի փոքր այլ ոճի մեջ մտնել և անդրադառնալ Մարությանի մի քանի ասածներին։ «Երբ խոսվում է հեղափոխությունից և դրա արժեքներից, ես գնում եմ նախորդ տարի այս օրերը. երբ փորձ էր արվում հակահեղափոխություն անել՝ շենքեր էին գրավում, ԱԺ նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում, որտե՞ղ էր Երևանի հեղափոխական քաղաքապետը՝ աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ։ Որտե՞ղ էր ինքը, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված։ Հեղափոխական արժեք բառն անընդհատ օգտագործելով՝ հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում»,- ասաց Արմեն Գալջյանը։ 

Խոսելով պարգևավճարներից, որին անդրադարձել էր Հայկ Մարությանը և նշել, որ դա ըստ էության կոռուպցիա է, Գալջյանն ասաց. «Եթե պարգևավճարը կոռուպցիա է, ապա ստեղ չտայիք այդ պարգևավճարը՝ երկու տարի տվել եք։ Ինչո՞ւ էիք տալիս։ Ստեղ պարգևավճարը կոռուպցիա չէ, Կառավարությունում կոռուպցիա՞ է»։

Անդրադառնալով Հայկ Մարությանի՝ տարբեր պաշտոնյաների կողմից զանգերին և խնդրանքներին, Արմեն Գալջյանն ասաց, որ պետք է անուններ տրվեն, և Մարությանը երեք տարի այդ մասին ավագանու անդամներին ոչինչ չի ասել։ «Եթե նման բան է եղել, ապա մեզ էլ ասեիք էդ մասին, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք»,- ասաց Գալջյանը և հավելեց, որ քաղաքապետարանում աշխատում են մարդիկ, ովքեր Հայկ Մարությանի հետ մերձավոր կապեր ունեն, օրինակ՝ Մարությանի բնակարանի «պրարաբը», ով ազատման դիմում է գրել։ «Ո՞ւր է հիմա, էդ ինչի՞ այդպես շուտ դուրս եկավ աշխատանքից, կարո՞ղ է երկրում էլ չի արդեն»,- ասաց Գալջյանը և հավելեց. «Պրեմյաներից ենք խոսում, աղբահանության հիմնարկում երկու տարի է՝ պրեմյա են լափում, էդ ինչի՞ չէիք բռնում։ Մինչև ես փաստերը չբերեցի, ընթացք չտրվեց»։

Գալջյանը գոհունակություն հայտնեց, որ Հայկ Մարությանը վերջապես քաղաքական հայտ ներկայացրեց, սակայն, իր կարծիքով, դա ձախողված հայտ էր։

«Գործընկերներ ունենք, որ ժողովրդավարությունից են խոսում, ասում են՝ իբր ՔՊ-ն ՀՀԿ է դարձել։ ՔՊ-ն որ ՀՀԿ դարձած լիներ, էս անվստահության նիստը չէր լինի, ով որ պետք էր, էս շենքից վաղուց դուրս եկած կլիներ։ Էն մարդը, որ եկել ստեղ ասում է՝ «ինձ ճնշում են», վեց ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է՝ պատրաստ եմ մտնել ՔՊ, բայց ինձ անցողիկ տեղում պատգամավորի մանդատ տվեք։ Վեց ամիս առաջ ՔՊ-ն ՀՀԿ չէր, հենց իրեն տեղ չտվեցին ԱԺ ցուցակում, պարզվեց՝ ՔՊ-ն ՀՀԿ է»,- ասաց Արմեն Գալջյանը։ 

Անդրադառնալով ավտոբուսների թեմային՝ Գալջյանն ասաց, որ այդ պատմությունը եղել է ավագանի-քաղաքապետ-կուսակցություն խզումից հետո, և դա եղել է դրա հետևանք։ «Երբ քաղաքական կապդ խզում ես, աշխատանքային կապդ խզում ես, չես ուզում համագործակցել, ֆրակցիայի մեծ մասն էլ իշխող ուժի անդամ են, շփվում ենք թիմի հետ և ասում ենք, որ խնդիր կա էդ նախագծի հետ, էդ մոդելի ավտոբուսի հետ, և պետք չէ դա ընդունել, որովհետև կա ավելի լավ տարբերակ, որը կլինի մի փոքր ավելի ուշ, բայց դե փիառը երևի ավելի կարևոր էր էդ պահին»,- ասաց Արմեն Գալջյանը։