Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ՝ ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ-ից տեղափոխվում է ՄԱԿ ԱԽ, իսկ ՄԱԿ-ը 1993-ին ընդունել է բանաձև, որով ԼՂ-ն ճանաչում է Ադրբեջանի կազմում․ Փաշինյան

Ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում, Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին հարցին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հանրությանը ներկայացնել այս հարցի բոլոր շերտերը։ 

 «Պատասխանելու համար, ուշադրություն եմ հրավիրելու մի հարցի վրա, որը, գուցե, չկարողանամ մինչև վերջ բացել՝  մի շարք նկատառումներով։ Բանակցային ողջ գործընթացի ընթացքում, երբեք, ոչ մի անգամ չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը՝ ոչ մի իշխանության կողմից։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։ Բանակցային փաստաթղթերում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Քանիցս խոսել եմ այն մասին, որ այն բանակցային գործընթացի մեջ, որտեղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է, ոչ միայն հայկական բնակչություն։ Ես նախկինում, մի քանի անգամ բանակցային գործընթացում գոյություն ունեցած բանակցային բովանդակության իմ ունեցած վերապահումներն արտահայտելիս ասել եմ, որ ենթադրենք՝ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար, իսկ հանրային մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբեք, բայց ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար, հայկական կողմը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեին նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները։ Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, որ չափով մեկնաբանում է հայկական կողմը։ Հիմա, երբ ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց է ծագում, իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները այդ համատեքստում, իրենք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Ես խոսում եմ եղած բանակցային բովանդակության նրբությունների մասին, որոնք հանրայնորեն երբեք չենք քննարկվել։ Այս համատեքստում ԼՂԻՄ-ի ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրվեր։ Այսօր հնչում են մտքեր, որոնք, իրականում, 2018 թվականի բանակցային բովանդակության հետ ոչ մի կապ չունեն։ Երբ ասում եմ՝ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ։ ԼՂԻՄ-ը արձանագրվել է հայկական և ադրբեջանական միավորում՝ առնվազն բնակչության մասով», - ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ադրբեջանցի բնակիչներ նշանակում է, որ այդ մարդիկ ԼՂԻՄ-ում բնակվելու իրավունք են ունեցել: 

«Թող ինձնից առաջ բանակցողներն ասեն, թե որտե՞ղ պետք է բնակվեին այդ մարդիկ։ Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել։ Եթե հարցնեք, թե էդ ի՞նչ աղետ է տեղի ունեցել բանակցություններում 2016 թվականին, կասեմ, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել։ 2016-ին ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից սկսած առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ։ Սա առաջինը, բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն, և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի, այդ ժամանակավոր կարգավիճակը ճշտգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ, և ասվել է, որ ՄԱԿ-ը խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ նախագահողների հետ որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։ Բանակցային   ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ ՄԽ տիրույթում։ 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում է  ՄԱԿ։ Եթե ուշադրություն դարձրած լինեք 2017 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին, կտեսնեք, որ այտեղ ասում է, որ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը։ Ինքը հենց սա նկատի ունի, բայց հարցը եկավ հասավ ՄԱԿ։ Կանխատեսելի՞ է արդյոք, թե ի՞նչ որոշում է կայացնելու այս հարցով ՄԱԿ ԱԽ-ն։ Այստեղ լուծվելու է մի հարց՝ Լեռնային Ղարաբաղի՝ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, Ղարաբաղը, ի վերջո ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ում է, դառնում է շատ կանխատեսելի՝ 1993 թվականին ՄԱԿ-ը ընդունել է բանաձև, որտեղ ասվում է հետևյալը՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ասվում է, որ ՄԱԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անկանխատեսելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016 թվականին։ Եթե Լեռնային Ղարաբաղի այդ կարգավիճակը արձանագրվում է , նշանակում է կարգավիճակի վերջնական ճշտգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանը նշեց նաև, որ պատերազմից հետո համանախագահները օրակարգ են ձևավորել, որը մեզ համար ընդունելի է։

Անդրադառնալով պատերազմը կանխելու հնարավորությանը, վարչապետն ասաց, որ ցանկացած պատերազմ հնարավոր է կանխել, բայց դա գին ունի։  

«Այս պատմության մեջ ինձ ուղղված բազմաթիվ մեղադրանքներ կան, բայց ես ուզում եմ ասել, թե որը կարող է լինել ինձ ուղղված ամենալեգիտիմ մեղադրանքը։ Ինձ մեղադրում են նրանում, որ հանձնել եմ հողեր։ Սա անհիմն է, բայց ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և սա կարող է լինել լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկը ինձ ասի, որ «դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է հանձնել այդ տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Բայց չեմ հանձնել ինչի՞ համար, իսկ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց՝ ըստ էության ոչինչ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: