Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանն արդյոք համաձա՞յն է Մամիջանյանի քվեարկությանը. ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը համահայկական հարցերում նախկինում հանդես է եկել որպես մեկ միասնական թիմ. Վլադիմիր Վարդանյան

«Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանն արդյոք համաձա՞յն է Մամիջանյանի քվեարկությանը. ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը համահայկական հարցերում նախկինում հանդես է եկել որպես մեկ միասնական թիմ. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
16:28, 01 февраль 2022
«Եթե դուք հետևեիք համազեկուցողների դիրքորոշմանը և ելույթներին, ապա կտեսնեիք, որ նրանք պարզապես ասում էին հետևյալը՝ մենք հաճելիորեն զարմացած ենք, որովհետև այն, ինչ մենք տեսանք Հայաստանում, վկայում էր այն մասին, որ շատ պոզիտիվ գործընթացներ են տեղի ունենում»։ Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից ՀՀ-ի վերաբերյալ օրերս ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ  բանաձևին,  հայտարարել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Կան մարտահրավերներ, այո՛, որոնք աննախադեպ են ԵԽԽՎ անդամ  պետության համար՝ հաշվի առնելով քովիդը, դրանից հետո վրա հասած պատերազմը, պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը, ճգնաժամի հաղթահարման համար ստեղծված առավել ժողովրդավար միջոցները, մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Սա չէր կարող բարձր գնահատականի չարժանանալ ԵԽԽՎ-ի կողմից»։  

Պատասխանելով  հարցին, թե ընդդիմությունը պնդում է, որ մեր պետության համար վատ է, երբ ԵԽԽՎ-ն դրական է տրամադրված ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հանդեպ, Վարդանյանը նշել է. «Գուցե կար մոտեցում, որ ինչքան վատ ներկայացվի, այնքան ավելի լավ կլինի ներպետական պայքարը շարունակելու համար։  Բայց ի հեճուկս այս ամենի՝ ԵԽ-ն լավ է տրամադրված ՀՀ-ում տեղի ունեցող  իրավական, իրավաքաղաքական գործընթացների նկատմամբ»։  Պատգամավորը ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ պայմանավորված է  հայաստանյան պատվիրակության ակտիվ ու արդյունավետ աշխատանքով։ 

Փաստը, որ այդ բանաձևին դեմ են քվեարկել թուրք, ադրբեջանցի պատվիրակներն ու նրանց թվում մեկ հայ պատվիրակ՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը, իշխանական պատգամավորն այսպես է մեկնաբանել.  «Այն մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել այս բանաձևին, այս մարդկանց հետ նույնիսկ, կներեք՝ մատաղ ուտելու չի գնա մարդ։ Բայց այդուհանդերձ, մենք ունենք քվեարկություն պարոն Մամիջանյանի կողմից։ Մյուս հարցը, որ ինձ առավելապես հուզում է՝ այս է. իրականում  ես շատ կուզենայի իմանալ ԵԽԽՎ-ում ՀՀ  պատվիրակության  հիմնական անդամ («Հայաստան» դաշինքից) պատգամավոր պարոն Արմեն Գևորգյանի դիրքորոշումը, ում փոխարեն, ըստ էության, քվեարկել է պարոն Մամիջանյանը։  Արդյոք  նա կիսո՞ւմ է վերջինիս դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, և արդյոք պարոն Մամիջանյանի քվեարկությունը կարելի՞ է դիտարկել  որպես իր քվեարկություն։ Որովհետև մենք թե՛ 7-րդ գումարման ընթացքում ԵԽԽՎ-ում, թե՛ մինչև այս վերջին նստաշրջանը  բավականին կոնսոլիդացված մոտեցում ենք ունեցել, և ես, առիթը օգտագործելով, պետք է շնորհակալություն և գոհունակություն հայտնեմ ԵԽԽՎ-ում մեր նախորդ պատվիրակությանը, որը համահայկական հարցերում մշտապես դրսևորել է միասնական մտեցում։ Ե՛վ  Նաիրա Զոհրաբյանը, և՛ Էդմոն Մարուքյանը, որոնք եղել են ընդդիմադիր պատգամավորներ, և մեր ամբողջ աշխատանքը ԵԽԽՎ-ում համահայկական հարցերի վերաբերյալ դիտարկվել է որպես մեկ միասնական թիմային աշխատանք»։ 

Արդյոք այս հարցում չկա՞ իշխանության բացթողումը, արդյոք Մամիջանյանի հետ նախապես եղե՞լ է համաձայնություն, թե ինչպես եք քվեարկելու՝  հարցին Վ. Վարդանյանն արձագանքել է, թե՝ ցավոք, հաշվի առնելով «օմիկրոն» շտամի տարածումը, հնարավորություն չեն ունեցել ֆիզիկապես ներկա գտնվելու և մասնակցելու ԵԽԽՎ-ում քննարկումներին, և  բոլոր քննարկումները անցկացվել են օնլայն ռեժիմով։

«Բայց մենք մեկ միասնական հարթակ ենք ունեցել և այդ հարթակի շրջանակներում քննարկել ենք բոլոր հարցերը և բոլոր հնարավոր լուծումները։ Մենք տեղյակ չենք եղել, և պարոն Մամիջանյանը երբեք չի արտահայտել իր դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին Մամիջանյանը, հանուն ճշմարտության, դեմ է քվեարկել՝ թե՛ մոնիտորինգային հանձնաժողովում, թե՛ լիագումարում, և այստեղ կարծես թե դիրքորոշում է արտահայտել ադրբեջանական առաջարկների հետ կապված։

Զարմանալի կլիներ, որ դրանց էլ կողմ քվեարկեր։ Բայց եզրափակիչ քվեարկության ժամանակ, երբ քվեարկվել է բանաձևը, դեմ է քվեարկել։ Բայց չեմ հասկանում, թե ինչի էր դեմ գերիների վերադարձին, ԼՂ հարցի արդարացի լուծմանը»,- նկատեց ՔՊ-ական պատգամավորը։ Վերջինս, անդրադառնալով նաև Մամիջանյանի հիմնավորումներին առ այն, թե ինչու է դեմ քվեարկել, նկատեց, թե «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորը հավանաբար լավ չի ուսումնասիրել ՀՀ հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի գործելակերպը, ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը։ «Ժողովրդավարությունը երբեք ստատիկ վիճակ չի ենթադրում, այն կա՛մ զարգացման միտումներ է ունենում, կա՛մ նահանջ է ապրում։ Եվ, այո, ՀՀ-ն ժողովրդավարության առումով ձեռքբերումներ ունի։ Համար մեկ ձեռքբերումն այն է, որ այս կատաստրոֆիկ ճգնաժամերը, որոնց մասին ես արդեն նշեցի, հաղթահարել է ժողովրդավարական եղանակով»։