Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն չպե՞տք է ներողություն խնդրի.հարց՝ ԱԽ քարտուղարին

Լուկաշենկոն չպե՞տք է ներողություն խնդրի.հարց՝ ԱԽ քարտուղարին
Քաղաքականություն
12:44, 10 февраль 2022
Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին, նշեց, որ ՀՀ-ն արձագանքել է, արձագանքել են ԱԺ պատգամավորները, ԱԳ նախարարությունը, դեսպանը կանչվել է։

«Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է և հուսով եմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը, համենայն դեպս, այլևս կխուսափի՝ որևիցե գնահատական տալով Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ այն հարաբերությունները, որոնք սերտ են բելառուս և հայ ժողովուրդների միջև»,- նշեց Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ Լուկաշենկոն Հայաստանի և ՀՀ իշխանությունների մասին խոսում է ոչ դիվանագիտական բառապաշարով, անգամ՝ վիրավորական արտահայտություններով՝ Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով.« Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, եթե հավելյալ միջադեպեր լինեն, կմտածենք՝ ինչպես պատասխանեն»։

Իսկ հարցին, թե արդյոք պահանջ չի լինի, որ Բելառուսի նախագահը ներողություն խնդրի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ հայտարարություններ եղել են, դեսպանը կանչվել է ԱԳՆ և համապատասխան քայլեր են ձեռնարկվել։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր՝ «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։