Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞վ կավարտվի պատերազմը․ 4 հնարավոր սցենար

Ինչո՞վ կավարտվի պատերազմը․ 4 հնարավոր սցենար
Քաղաքականություն / Միջազգային
11:23, 27 февраль 2022
Փետրվարի 25-ին Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի տարածքում։ Ռուսական զորքերը շրջափակում են Ուկրաինայի խոշորագույն քաղաքները և ամենայն հավանականությամբ շուտով կլինեն Կիևում։ Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո։ Civic.am-ը ձեզ է ներկայացնում դեպքերի զարգացման 4 հնարավոր սցենար։
 
1. Ռուսաստանի աջակցությամբ Կիևում իշխանություն կհաստատեն պրոռուսական ուժերը։
 
Նոր իշխանությունը Մոսկվայի հետ խաղաղության և փոխըմբռնման պայմանագիր կստորագրի, Սահմանադրության փոփոխություններով կհաստատի Ուկրաինայի դեմիլիտարիզացիան, կհրաժարվի Ղրիմի և Դոմբասի շրջանի նկատմամբ նկրտումներից, հատուկ կարգավիճակ կտա ռուսերենին և կթույլատրի ռուսական ռազմաբազաների ներկայությունը Ուկրաինայի տարածքում։
 
Ռուսաստանի համար`

Դրական կողմերը․ Այս սցենարի կայանալու դեպքում Ռուսաստանը կհասնի իր հիմնական նպատակներին՝ Ուկրաինայի «դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա», սահմանադրական փոփոխություններն էլ իրենց հերթին հետ կպահեն ՆԱՏՕ-ի հետագա ծավալումից դեպի Ուկրաինայի տարածք և Ռուսաստանը այլևս վտանգի չի սպասի այդտեղից։

Բացասական կողմերը ․ Ակնհայտ է, որ այս պարագայում Արևմուտքը չի թուլացնի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները դեռ շատ երկար ժամանակ, ինչը կբերի ահռելի տնտեսական կորուստների։ Ուկրաինայի արևմտյան հատվածում կձևավորվի ազգայնական դիմադրության ճակատ, հնարավոր է նույնիսկ պարտիզանական պայքար, ինչը մշտապես լարվածության մեջ կպահի Ուկրաինայի պրոռուսական իշխանությանը և հենց իրեն՝ Ռուսաստանին։
 
 
2. Ռուսաստանը կստիպի Ուկրաինայի գործող իշխանությանը ստորագրել համաձայնագիր և դուրս կբերի զորքը Ուկրաինայի տարածքից։
 
Այս սցենարի դեպքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին կստորագրի համաձայնագիր Ռուսաստանի հետ, որով Ուկրաինան կպարտավորվի դեմիլիտարիզացիայի ենթարկվել, կհրաժարվի Ղրիմի և Դոմբասի շրջանների նկատմամբ նկրտումներից, կպարտավորվի իշխանությունը թողնել ժամանակավոր կառավարությանը, իսկ Ռուսաստանը դուրս կբերի զորքը Ուկրաինայի տարածքից՝ այն թողնելով քաղաքական, սոցիալական խորը ճգնաժամի մեջ։
 
 
Ռուսաստանի համար`

Դրական կողմերը․ Այսպես ևս Ռուսաստանը կհասնի իր բոլոր հիմնական նպատակներին, ավելին՝ նա այլևս անհրաժեշտություն չի ունենա ահռելի գումարներ ծախսել Ուկրաինայում ռազմական ներկայության վրա։ Ներքաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամը Ուկրաինայում շուտ չի ավարտվի։ Հաշվի առնելով զորքերի արագ դուրս բերումը և Եվրոպայի կախումը Ռուսական գազից, պատժամիջոցները գուցե շատ ավելի կարճ կիրառվեն։

Բացասական կողմերը․ Ռուսաստանը, դուրս գալով Ուկրաինայից, մեծ լծակներ չի ունենա վերահսկելու համար Ուկրաինայի կողմից համաձայնագրի կատարումը, չի կարող բացառվել, որ ուկրաինացի ժողովրդի ճնշումների և մեծ ցույցերի ճնշման տակ նոր կառավարությունը ուղղակի դուրս գա համաձայնագրից։
 
3. Ուկրաինան կկիսվի, հավանաբար՝ Դնեպրի երկայնքով։ Ուկրաինայի գործող իշխանությանը կմնա միայն Ուկրաինայի արևմտյան հատվածը։
 
Այս սցենարի դեպքում Ռուսաստանը կարող է Ուկրաինայի՝ Դնեպրից արևելք ընկած հատվածը ճանաչել որպես նոր հանրապետություն, օրինակ՝ Նովորոսիա կամ Մալորոսիա։ Դրա մեջ կմտնեն նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանները։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արևելյան հատվածում բավականին մեծ է էթնիկ ռուսների թիվը` այստեղ անհամեմատ հեշտ կլինի Ռուսաստանի համար նոր եղբայրական հանրապետության կայացումը և այնտեղ ռազմական, քաղաքական, մշակութային ներկայության մշտական ապահովումը։
 
Ռուսաստանի համար`

Դրական կողմերը․ Նոր հանրապետության կայացումը, որը կընդգրկի Ուկրաինայի միայն կեսը շատ ավելի քիչ ծախսատար կլինի Ռուսաստանի համար։ Ռուսաստանը նաև ստիպված չի լինի գործ ունենալ ներքաղաքական դիմադրության հետ, որը կարող էին ցույց տալ Ուկրաինայի արևմուտքում բնակվող և հստակ հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքացիները։

Բացասական կողմերը․ Արևմտյան Ուկրաինան կմնա պրոարևմտյան ուժերի իշխանության տակ, կստանա զենքի մշտական և խոշոր մատակարարումներ ՆԱՏՕ անդամ երկրներից, գուցե նույնիսկ դառնա ՆԱՏՕ անդամ։ Նաև ակնհայտ է, որ արևմտյան բլոկի երկրները երբեք չեն ճանաչի արևելյան Ուկրաինայի տարածքում նոր ստեղծված հանրապետությունը։
 
 
4. Ռուսաստանը դուրս կբերի զորքերը ՝ առանց համաձայնագրի։
 
Այս սցենարը թերևս ամենաքիչ հավանականն է՝ հաշվի առնելով կողմերի ռազմական կարողությունների անհամադրելիությունը, բայց բացառել չի կարելի, որ ուկրաինացիներին կհաջողվի ամուր դիմադրություն ցույց տալ՝ ներքաշելով ռուսական զորքերին պարտիզանական, քաղաքացիական հյուծող կռիվների մեջ և զգալի կորուստներ պատճառել նրանց։ Այս պարագայում Ռուսաստանը գուցե մարդկային և ֆինանսական ահռելի կորուստների ճնշման տակ որոշում կայացնի հեռանալ Ուկրաինայից՝ առանց իր նպատակներից որևէ մեկին հասնելու։
 
Ռուսաստանի համար`

Դրական կողմերը․ Ռուսաստանի համար միակ դրական կողմը այս պարագայում կարող է լինել մյուս բոլոր սցերնարների համար առավել մեղմ պատժամիջոցներն ու դրանց ավելի կարճ տևողությունը։

Բացասական կողմերը․ Նման սցենարի դեպքում Ռուսաստանը միանշանակ կկորցնի գերտերության կարգավիճակը և փաստացի պարտված դուրս կգա Ուկրաինայի դեմ պատերազմում, որը արևմտյան երկրների միլիարդավոր դոլարների ֆինանսական և ռազմական աջակցությամբ կդառնա անչափ մեծ ստրատեգիական սպառնալիք Ռուսաստանի համար։ Ամբողջ աշխարհում կթուլանան Ռուսաստանի ռազմական և քաղաքական դիրքերը, սրան գումարած թեև մյուս սցենարների համեմատ մեղմ, բայց միանշանակ զգալի տնտեսական պատժամիջոցները, կարելի է պնդել, որ Ռուսաստանը կկանգնի ԽՍՀՄ փլուզումից հետո խոշորագույն ճգնաժամի առաջ, որից դեռ երկար ժամանակ չի կարողանա դուրս գալ։