Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարար Խաչատուրյանն ընդունել է Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Խաչատուրյանն ընդունել է Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն / Տնտեսություն
20:17, 28 февраль 2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը:

Նախարար Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտությամբ անդրադարձել է Կանադայի իշխանությունների կողմից 44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած աջակցությանը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերին: Խոսելով նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ նախարարը ներկայացրել  է  հիմնական առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները և նշել, որ, նախարարության համար առանձնակի կարևորություն ունի թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական գործունեության ոլորտում կանադական առաջադեմ փորձը:

Իր հերթին Եվրոպական Միությունում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ իր այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունների նախանշումն է: Բանագնացն ընդգծել է նաև Կանադայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացի զարգացմանն ու բարելավմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների ոլորտային մասնագետների միջև համատեղ հետազոտական, փորձագիտական ծրագրերի իրականացման, մասնավոր առաջադեմ ընկերությունների փոխգործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղությունների, հարաբերությունների նոր մակարդակի բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: