Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հումանիտար աղետ է․ ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածում, թե եթե դուք Խրամորթը, Թաղավարդը հանձնեք, մենք գազը կվերականգնենք․ Արցախում տեղահանվածների հարցերով փորձագետ

Արցախում հումանիտար աղետ է․ ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածում, թե եթե դուք Խրամորթը, Թաղավարդը հանձնեք, մենք գազը կվերականգնենք․ Արցախում տեղահանվածների հարցերով փորձագետ
Քաղաքականություն
22:08, 14 март 2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 8-ի գիշերը վնասվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարը, ինչի հետևանքով մինչև այսօր Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մինչև այս պահը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանքներ կատարել:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է տեղահանվածների հարցերով փորձագետ Էլինա Մխիթարյանի հետ:       

 «Արցախում իրականում հումանիտար աղետ է, և դա չափազանցություն չէ։ Գազ չկա, բնակչության մեծամասնությունը, եթե համեմատենք առաջին պատերազմի ժամանակաշրջանի հետ, անգամ Ադրբեջանի բնակչության կենսամակարդակի հետ, ապա բոլորը, մինչև 44-օրյա պատերազմը անցել էին նորմալ, եվրոպական չափանիշներով կյանքի։ Օրինակ՝ բնակարանները տաքացվում էին, ժողովրդի լեզվով ասած, «Բաքսի» ջեռուցման կաթսաներով, այսինքն՝ գազով,  և սա նշանակում է, որ բնակարանների մեծ մասում, այդ թվում՝ իմ բնակարանում չկա ջեռուցում։ Արդյունքում միացնում ենք տարբեր էլեկտրական տաքացուցիչներ, որի մեծ պահանջարկն առաջացնում է այլ խնդիր, բոլոր խանութներում միանգամից առաջնում է տաքացուցիչների դեֆիցիտ, մինչև նոր մատակարարումը»,- ասաց Էլինա Մխթարյանը։

Նա նաև նշեց, որ թանկացել է տաքսիների ուղեվարձը, քանի որ սկսել են բենզինով աշխատել։ 

 «Դպրոցներն ու մանկապարտեզները նույնպես ջեռուցվում էին գազով և հիմա ստիպված գարնանային արձակուրդները առաջ են բերել, որ երեխաները չմրսեն։ Հիվանդանոցների ջեռուցումն է դադարեցվել նույն պատռճառով: Եվ ահա մի հարցը խնդիրների բազմաթիվ կծիկ է բերել։ Օրինակ՝ մենք այսօր կեսօր ենք աշխատել, որպեսզի խնայենք էլեկտրաէներգիան, քանի որ հիմա ամեն ինչ աշխատում է էլեկտրականությամբ և քանի որ մեր ՀԷԿ-երի մեծ մասը Քաշաթաղում և Շահումյանում էին, մնացին ադրբեջանցիների վերահսկողության տակ և մնացել ենք Սարսանգի հույսին, այս ընթացքում դեռ վերականգնման գործընթաց էր գնում, հիմա այս իրավիճակում ՀԷԿ-երի աշխատանքը ծանրաբեռնվել է»,- ասաց Էլինա Մխիթարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր լսել է՝ Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական կողմն է սկսել հրաձգությունը Խրամորթի հատվածում, սակայն դա  հնարավոր չէ, քանի որ Խրամորթի հատվածում Ադրբեջանն առաջին իսկ օրից թույլ չի տվել, որ մեր զինվորները խրամատ փորեն. «Իրենք այդ հատվածում բացառապես թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ սկզբից հոգեբանական տեռորի միջոցով, ապա նաև՝ ռազմական»։ 

«Մենք այնտեղ ունենք վիրավորներ, մի գիշերվա մեջ ստիպված են եղել էվակուացնել կանանց և երեխաներին և այնուհետև անցել են մոտակայքում գտնվող Խնապատ և Թաղավարդ գյուղերին։ Թաղավարդի մի մասը մնացել է թուրքերի մոտ, մյուս մասը՝ մեր ենթակայության տակ։ Եվ անընդհատ ադրբեջանական կողմը բլոգների միջոցով փորձում է տեղեկություն տարածել, որ եթե դուք Խրամորթը, Թաղավարդը հանձնեք, մենք գազը բաց կթողնենք։ Այսինքն՝ սա սպիտակ  ցեղասպանության պես մի բան է։ Դրան գումարած, նրանք, իմանալով, որ եղանակի վատթարացում է լինելու, հենց այս ժամանակն են ընտրել: Նաև նախապես ականապատել էին այն կողմը, որտեղով մեր աշխատողները պետք է մոտենան գազատարին»,- ասաց Էլինա Մխիթարյանը։

 Վերջինս նաև տեղեկացրեց, որ Լիսագորի հատվածում, որը հայկական վերահսկողության տակ է, կա մի աղբյուրը, որից սկսվում է դեպի Շուշի գնացող ջրատարը և մեր հովիվներն այդտեղ  ոչխարներ են արածացնում, Շուշիի, այսպես կոչված, «կոմենդանտը» զինվորականների խմբով,  խաղաղապահների վերհսկողությամբ, եկել է այդ տարածք և պահանջել, որպեսզի հովիվներն այդտեղից հեռանան, ռուս խաղաղապահներն էլ ասել են, որ իրենք այդտեղ կցանկապատեն, չեն թողնի, որ հովիվներն ու ոչխարները մոտենան, բայց ադրբեջանցիները սկսել են հովիվներին ահաբեկել՝ ասելով, թե չեն իմանա գիշերն իրենք երբ կհարձակվեն, դրանից հետո մի գիշերվա մեջ հովիվներին ահաբեկելու համար բոլոր շներին սատկացրել են։ 

«Բացարձակապես բոլոր մեթոդներն օգտագործում են հայաթափելու համար։ Այսօր մենք Խրամորթից ունեցանք տեսանյութ, թե ինչպես են ռուս խաղաղապահները բարձրախոսներով հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն դիմում, որ կրակը դադարեցնեն։ Խաղաղապահները նաև միջնորդական բանակցություններ են վարում, որ, իբր, այսօրվանից պետք է անցնեին գազատարի վերանորոգման աշխատանքներին։ Այսօր անգամ վարկած էր պտտվում, որ այս ամեն ինչը կատարվում է նրա համար, որ այն մարդիկ, որոնք տեղահանված են և արդեն մեկնել են ՌԴ, իսկ հիմա նրանց վիճակը բավականին վատ է, հետ չվերադառնան Արցախ։ Մտածված քայլեր են՝ հակահայկական, հակամարդկային, հակահումանիստական»,- ասաց Էլինա Մխիթարյանը։

 Ի հավելումն նա ասաց, որ, փաստորեն, Արցախում կրթության իրավունքը խախտված է, առողջության իրավունքը խախտված է, մարդիկ տարրական  պահանջմունքները բավարարելուց  զրկված են։
 
«Ամռանը ջուր էր պետք, դա էին կտրել, ձմռանը տաքություն է պետք, դա էլ չկա։ Ավելի հակամարդկային պահվածք չես էլ կարող պատկերացնել»,-եզրափակեց Էլինա Մխիթարյանը։
 
Լիլիթ Թադևոսյան