Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ արտահայտությամբ կասկածի տակ դնելը առաջարկում ենք համարել քրեորեն հետապնդելի արարք. Արամ Վարդևանյան

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Առաջարկում ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը, կամ առավել ևս նշվածը արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,- Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ այս կարգավորումն ավելի արդիական է դարձել 2020թ. 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում:

«Այս նախագիծը լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և նրանց արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին»,- ընդգծեց նա և հավելեց, որ մեր «հարևան», իսկ իրականում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսում է ՀՀ Սյունիքի մարզի, մեր Երևանի և մեր Սևանի մասին, և այդ ամենը փորձում են ՀՀ պատկանելության տեսակետից կասկածի տակ թողնել: 

«Նրանք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման, այս գործիքը մեզ թույլ կտա նաև հետախուզում հայտարարել նման արտահայտությունների թույլ տվողների նկատմամբ»,- հավելեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: