Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատության հրապարակում նոր բան չկա, ուղղակի նոր հյուրախաղեր են․ միակ նորությունն այստեղ սեզոնն է և ոչ բովանդակությունը․ Ռուբեն Մեհրաբյան

«Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը և ԱԺ-ին տեղեկացրեց աշխարհում աշխարհաքաղաքական կոնտեքստի ֆունդամենտալ փոփոխության մասին, և որպեսզի մենք կարողանանք պատշաճ կերպով հետապնդել մեր ազգային պետական շահերը, Հայաստանը պետք է կորեկցիայի ենթարկի իր քաղաքական կուրսը՝ կապված Ղարաբաղյան հիմնահարցի հետ»,- այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։    

Խոսելով նաև Ազատության հրապարակում  նստացույց անող ընդդիմության մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ընդհանրապես այդ «պուբլիկան» բավականին գրոտեսկային է իր ամբողջ գործելակերպով, իրեն մարմնավորող կերպարներով, իրենց գործելակերպով, իրենց ասածով և արածով։

«Նոր բան չկա, ուղղակի նոր հյուրախաղեր ասեմ, թե թատերաշրջան ասեմ՝ գարնան հետ կապված, բացվել է, միակ նորությունն այստեղ սեզոնն է և ոչ բովանդակությունը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Խոսելով նաև այն մասին, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները խոսում են մեկ կրակոցի հնարավորության մասին՝  նկատի ունենալով, որ այն ուղղված է վարչապետին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ դա մենք պետք է ընդունենք ի գիտություն, բայց համապատասխան մարմինները, բացի ի գիտություն ընդունելուց, պետք է անեն նաև գործնական հետևություններ նման կարգի հայտարարությունների հետ կապված, որպեսզի նման անբռնազբոս, անպատասխանատու, լակոտային պահվածք ընդհանրապես հանրային տարածքում թույլ չտրվի։ Ամեն մեկը պետք է իր ասածի համար պատասխան տա. ի վերջո, ի՞նչ փամփուշտ, ի՞նչ կրակոց, ի՞նչ Նիկոլ։ Ընդհանրապես նման բաների հետ կապված նույնիսկ փոխաբերական իմաստով, նույնիսկ կատակով մի երկրում, որտեղ դեռ թարմ է ու դեռ երկար ժամանակ թարմ է մնալու հիշողությունը հենց պառլամենտում տեղի ունեցած ահաբեկչական ակտից, ես կարծում եմ՝ բազային բանականություն ունեցող մարդը պետք է հասկանա՝ ինչ է խոսում և ինչ չպետք է խոսի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Լիլիթ Թադևոսյան