Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն համաձայնել է Լուկաշենկոյի հետ և դեմ է դուրս եկել ՀՀ-ին, նրա պետականությանը և անկախությանը. Ռուբեն Մեհրաբյան

Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում իր ստորագրած փաստաթուղթը եղել է այդ տարիների դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից:

Այս և այլ հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 Քաղաքագետը դժվարացավ ասել, թե դրա ինչն էր հաղթանակ, և նաև իր այսօրվա հայտարարության մեջ իր ընդդիմախոսներին մեղադրեց ինչ-որ ստախոսության մեջ։

«Ի վերջո, փաստաթուղթը կա, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ ինքնորոշման և իրավունքների համար պայքարը չպետք է խոչընդոտի տարածքային ամբողջականության սկզբունքին, այլ տեղավորվի դրա մեջ, մոտավորապես նման ձևակերպում է եղել և դրա տակ է ստորագրվել։ Մենք նաև գիտենք, որ այս սկզբունքից ամբողջ ԵԱՀԿ տարածքում եղել է մեկ բացառություն և ճանաչվել է բոլորի կողմից, բացի Ռուսաստանից և մի քանի այլ երկրներից.  դա եղել է Կոսովոն։ Ընդ որում, եթե դա ստորագրվել է, Կոսովոն էլ չի ճանաչվել մինչև հիմա, դա ևս հարցեր է առաջացնում։ Ուղղակի մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից է դժգոհում պարոն Քոչարյանը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր նաև խոսել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, որում նա ասել էր, թե Հայաստանը փախչելու տեղ չունի, և ում է այն պետք, և մեկնաբանել է դա այսպես. «Այդ մարդն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են»։ 

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ դա որևէ քննադատության չդիմացող կեցվածք է, որը կարելի է նույնիսկ տեսականորեն պատկերացնել Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած մարդուց։   

«Նա, փաստորեն, համաձայնել է Լուկաշենկոյի հետ այս հարցում, միացել է Լուկաշենկոյին և դեմ է դուրս եկել ՀՀ-ին, նրա կենսական շահերին, դեմ է դուրս եկել մեր պետականությանը, մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը, և փաստորեն այս պայքարում պարոն Քոչարյանը դիրքավորվել է  այնպես, և դա չի էլ թաքցնում, որ նա գտնվում է բաժանարար գծի հակառակ կողմում, այլ ոչ թե մեր պետության հետ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   
 
Լիլիթ Թադևոսյան