Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-ի էժանագին կրկնօրինակումը դատապարտված է․ սեփական կուսակիցներից բացի՝ ոչ ոք չի միանում Արցախը շահարկելով իշխանափոխություն տենչացող նախկիններին

2018-ի էժանագին կրկնօրինակումը դատապարտված է․ սեփական կուսակիցներից բացի՝ ոչ ոք չի միանում Արցախը շահարկելով իշխանափոխություն տենչացող նախկիններին
Քաղաքականություն
14:00, 26 апрель 2022
Ընդդիմություն դարձած նախկին իշխանությունն արդեն շաբաթից ավելի է՝ ինչ սկսել է բողոքի «հուժկու» գործողությունները։ Նախ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ՝ իր հետ տանելով իր երկու Ռենջ Ռովեր մեքենաները և մի քանի կուսակցականների, ու հայտարարեց, որ չի գնալու տուն այնքան ժամանակ , մինչև իրենց պայքարը հաղթական ավարտ չունենա։ Հետո էլ պայքարին միացավ Իշխան Սաղաթելյանը, որի հայտարարությունները հոդվածում չեմ ներառի, որպեսզի վիրավորած չլինեմ ընթերցողի բանականությունը։ 

Երեկ Կոմիտասի պողոտայից իջած «Դիմադրություն շարժումը» եւ Արթուր Վանեցյանի գլխավորած երթերը հանդիպեցին միմյանց և մեծ հանդիսավորությամբ 2018-ի օրինակով փակեցին Ֆրանսիայի հրապարակը։ Մինչ այդ էլ որոշ ժամանակով փողոցներ էին փակվել։ Ոստիկանությունից այսօր ճշտեցինք, որ Երևանում որևէ փակ փողոց չկա ու Ֆրանսիայի հրապարակը հենց երեկ էլ բացվել է՝ այդպես էլ հանրության ուշադրությանը առանձնապես չարժանանալով։
 
Ընդ ոում, Վանեցյանի, Սաղաթելյանի և մյուսների բողոքի գործողությունները լայնորեն լուսաբանվում են ընդդիմադիր մամուլում։ Վանեցյանին ու նրա մտերիմներին պատկանող լրատվականներն օրական 24 ժամ հերթափոխով ուղիղ եթերներ ու տեսանյութեր են տալիս հավաքի վայրերից, հաճախ նույն ուղիղ եթերը հրապարակվում է մի քանի լրատվականով, մի խոսքով՝ միանշանակ կարելի է պնդել, որ ընդդիմությունը լսելի դառնալու խնդիր չունի, ավելին՝ քաղաքացիների մեծ մասի պնդմամբ՝ նաև դրա խիստ ավելցուկ ունի։ Եվ այս ամենին զուգահեռ ի՞նչ ենք տեսնում փողոցում։ 

Ընդդիմության՝ 2018-ի էժանագին կրկնօրինակում հիշեցնող անհնազանդության ակցիաներին մասնակցում են միայն դաշնակցական, հանրապետական և վանեցյանական երիտասարդ կուսակցականները, նրանց փակած փողոցներում վարորդները նրանց անպատվում ու հեռացնում են ճանապարհից, և, վերջիվերջո, ոչ մի պատահական անցորդ այդպես էլ չի միանում ու երևի թե չմիանա էլ ընդդիմության շարժմանը։ Սա, իհարկե, թե՛ բնական է, թե՛ տրամաբանական ու թե՛ օրինաչափ, որովհետև քաղաքացին եթե Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին միանալու լիներ, երևի թե փողոցային անհնազանդության կարիքը չլիներ, ու Վանեցյանն ու դաշնակները միասին մեծամասնություն կունենային ԱԺ-ում։ Իսկ ինչ վերաբերվում է բուն ակցիաներին, ապա օրինակ երեկ ամբողջ օրվա ընթացքում ռևանշիստական ուժերը կարողացել են ապահովել մոտ 1500 մարդու ներկայություն, որոնցից գրեթե բոլորի դեմքերը անգիր գիտեն բոլոր այն քաղաքացիները, որոնք անցած տարի հետևել են Վազգեն Մանուկյանի ՀՓՇ-ի ցույցերին։ 

Իհարկե, չենք կարող ասել՝ այս անգա՞մ էլ կգտնվի վիդեո, որում Վանեցյանը կամ օգնականը գումար է բաժանում ու կամ դրանից հետո Վանեցյանը 1500 հգոու է՞լ մուրացկան կանվանի, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ ընդդիմությունը ինքն իրեն տանում է հերթական քաղաքական անկյունը, որտեղ ծաղրի չափաբաժնից խուսափել չի հաջողի։ 

Ջոնիկ Պետրոսյան